ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՂՆ Է ԻՇԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի դեռ Հայաստանի դատական իշխանության ղեկն իր ձեռքն է վերցրել Արման Մկրտումյանը, որն անգամ հարազատ հոր հետ խնդիրներ ունի, իսկ ենթակաները Ռուբեն Ներսիսյանի նման կամակատարներն են, դժվար թե հնարավոր լինի դատական ճանապարհով արդարության հասնել: Նրանց համար օլիգարխիան գնահատելի է ավելի, քան սեփական արժանապատվությունը:

Հիմա կոնկրետ օրինակով բացատրենք, թե ինչ է պատահել: «Ժողովուրդ»-ի ընթերցողը լավ ծանոթ է, որ 2012 թվականի դեկտեմբերից օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ (նա առավել հայտնի է ձվերի Խաչիկ) ածականով: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում: Նույն հրապարակման մեջ ներկայացվել էր նաեւ Խաչատրյանի տեսակետը:
Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը նոր տեղեկություն էր ստացել այն մասին, որ Խաչիկ Խաչատրյանը հարկային ծառայության հետ խնդիրներ ունի: Դարձյալ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները՝ «Ժողովուրդ»-ի լրագրողը զանգահարել էր գործարար Խաչատրյանին, սակայն վերջինս պատասխանելու փոխարեն հայհոյել էր լրագրողին, ինչն էլ դարձավ դատական գործընթացների պատճառ:
Երեք տարբեր հայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով՝ «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը, չհամակերպվելով իր պարտության հետ, բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության:
Եւ, ահա, նույն դատարանի մեկ այլ դատավոր Ռուբեն Ներսիսյանը գերարագ ռեժիմով վճռեց տուրք տալ օլիգարխիային: Նա ակնհայտ կասկածելի ջերմություն ցուցաբերեց Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ եւ նույնիսկ այն աստիճան էր տարվել հայտնի գործարարի քմահաճույքներով, որ մոռացավ ՀՀ գերագույն դատարանի կայացրած կարեւորագույն որոշումներից մեկը: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2011-ին կայացրեց մի որոշում, ըստ որի՝ «վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար»:
Դատավոր Ներսիսյանը անտեսելով «մայր դատարանի» կայացրած որոշումը՝ վճռեց պարտադրել «Ժողովուրդ» օրաթերթին որպես փոխհատուցում գործարարին վճարել 1 մլն 783 հազար ՀՀ դրամ: ԴԱՀԿ-ն էլ՝ Միհրամ Պողոսյանի գլխավորությամբ, իր հերթին է 114.150 դրամ բռնագանձելու մասին որոշում կայացրել: Արդյունքում երեկվա դրությամբ «Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվները՝ 1 մլն 897 հազար 150 դրամի չափով, գտնվում են արգելանքի տակ: Սառեցված են նաեւ օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի բանկային հաշիվները: Իսկ «Ժողովուրդ»-ի ներկայացրած բոլոր բողոքները հերթով մերժվեցին: Դատարաններում հնարավոր չեղավ ապացուցել, որ ժամկետանց ձու վաճառող ընկերության սեփականատերը հայհոյել է մեր լրագրողին, երբ վերջինս նրան զանգահարել էր՝ հարց տալու համար:
Այն, որ Ռ. Ներսիսյանի կողմից կայացված վճիռը որեւէ աղերս չունի տրամաբանության, օրինականության հետ, դրանում որեւէ կասկած չկա: Այս դատավորի մուրճի հարվածով ընդամենը չհիմնավորված մի փաստաթուղթ է օրենքի ուժ ստացել, որը օրաթերթի անխափան գործունեությունը խոչընդոտելուն միտված հստակ քայլ է: Այսպիսի մեծ տուգանքը անհամաչափ է այն եկամուտներին, որը ապահովում է օրաթերթը իր գործունեությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան մամուլի ազատության խոչընդոտ՝ ֆինանսական ճնշումների տեսքով (չի բացառվում, որ տպարանին փոխանցվելիք գումարի ուշացման պատճառով օրաթերթը լույս չտեսնի):
Ու քանի որ մոտ 2 մլն դրամը մեր խմբագրության համար բավականին մեծ գումար է, ուստի «Ժողովուրդ» օրաթերթի եւ armlur.am-ի խմբագրակազմը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, հույս չունենալով, որ հնարավոր է դատական իշխանության միջոցով այլեւս արդարության հասնել, որոշել է հրաժարվել հունիս ամսվա աշխատավարձի 50 տոկոսից, որպեսզի հնարավոր լինի ապահովել օրաթերթի եւ armLur.am-ի կայքի անխափան գործունեությունը (այսպիսով խնդիրն, իհարկե, ընդամենը մասնակի կլուծվի):
Մենք չենք նահանջելու եւ շարունակելու ենք հանդես գալ նորանոր բացահայտումներով Հայաստանի եւ հայ ժողովրդին կեղեքելու գնով հարստացող չինովնիկների, գործարարների ու գործարարի անվան տակ թաքնված թալանչիների մասին: Մեր ուշադրությունից չի վրիպելու նաեւ հենց Խաչիկ Խաչատրյանը, որը չբավարարվելով իր ունեցվածքով՝ հիմա էլ Սյունիքի թռչնաֆաբրիկան խլելու փորձեր է անում: Դժվար թե նրան փրկեն բարձրաստիճան «պապաներն» ու դատական կամակատարները: «Ժողովուրդ» օրաթերթին փողով լռեցնելն անհնար է:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

«ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱՂՐԱՄՅԱՆՈՒՄ
Բաղրամյան պողոտայում երեկ շարունակվել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ սկսված պայքարը: Չնայած հորդառատ անձրեւին՝ Բաղրամյան պողոտան մարդաշատ էր, եւ այդպես շարունակվեց նաեւ գիշերը: Ցուցարարների թվում երեկ նույնպես հայտնի մարդիկ կային:
Երիտասարդները «Ժողովրդի կողմից թալանչիներին» ժապավենով ծաղկեպսակ բերեցին պողոտա, որը ցուցարարներն ընդունեցին բուռն ծափողջյուններով, ապա մի փոքր միջադեպ տեղի ունեցավ: Խնդիրն այն էր, որ Բաղրամյան պողոտա էր եկել աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության մեքենան՝ տարածքում աղբահավաքություն իրականացնելու համար: Քանի որ մեքենան երթեւեկում էր ցուցարարների ուղղությամբ, նրանցից մի քանիսը բարձրացան մեքենայի վրա՝ թույլ չտալու համար որ այն առաջ ընթանա:
Քիչ անց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարների եւ լրագրողների հետ զրույցում նշեց, թե ընկերությունը հրաժարվել է աղբահավաքություն իրականացնել տարածքում, եւ այսուհետ տարածքի մաքրությամբ պետք է զբաղվեն հենց ցուցարարները: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը փոխոստիկանապետին հայտնեց, թե իրենք «Սանիթեք»-ի հետ պայմանավորվածություն են ունեցել, ըստ որի՝ աղբահանություն իրականացնելուց առաջ պետք է իրենց զգուշացում արվեր, որպեսզի տարածքը բացեին: Սակայն այս անգամ, ակտիվիստի խոսքով, մեքենան եկել է առանց նախազգուշացման, որն էլ պատճառ է դարձել ակտիվիստների նման արձագանքի: Սակայն Օսիպյանը եւս մեկ անգամ նշեց, որ այսուհետ տարածքում աղբահանություն պետք է իրականացնեն միայն ցուցարարները:
Երեկ կրկին Բաղրամյան պողոտա էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով հետեւեց առկա իրավիճակին, զրուցեց իր ենթակաների հետ եւ հեռացավ:
Երեկ Բաղրամյան պողոտայում հետաքրքիր միջադեպ է գրանցվել ռուսական ծՁԹ հեռուստաընկերության լրագրողի կողմից ակտիվիստներից հարցազրույց վերցնելու ժամանակ: Այն պահին, երբ ռուսական լրատվամիջոցի լրագրողը ուղիղ եթեր էր մտնում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները նրան շրջափակել էին ռուսերեն գրված պաստառներով, որոնք ուղղված էին այն փաստին, որ ռուսական լրատվամիջոցները ստում են Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս եւ ապակողմնորոշում ընթերցողներին: Պաստառների վրա գրված է եղել. «թՏՉՏՐՌՑպ տՐՈՉՊց», «ՀՏրրՌռրՍՈÿ սՋՌՉՈÿ ՎպՊՌՈ»: Ցուցարարները լրագրողներին կոչ են արել ապատեղեկատվություն չտարածել՝ նշելով, թե իրենք մայդան չեն ուզում: Ընդհանուր առմամբ ակցիան երեկ կրկին խաղաղ է անցել:
Ինչպես հայտնեց ակցիայի նախաձեռնողներից Մաքսիմ Հակոբյանը, իրենց պահանջը էլէներգիայի սակագնի բարձրացման մասին կայացված որոշման չեղարկումն է, այլ ոչ թե կասեցումը:
Հ. Գ. Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի մի շարք քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Չարենցավանում, Կապանում եւս բողոքի ակցիաներ են կազմակերպվել՝ աջակցելու երեւանյան ակտիվիստներին: Ասել է թե՝ գործընթացը ձնագնդի էֆեկտով մեծ թափ է հավաքում: Ոգեւորությունը ողջ երկրում օրեցօր առավել տեսանելի է դառնում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

«ՅՈՒՂՈՏ ՊԱՇՏՈՆԸ» ԹԱՓՈՒՐ է

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առանց միջնորդի կամ «համապատասխան վերաբերմունքի» դժվար է անգամ հավաքարար դառնալ, իսկ «յուղոտ պաշտոնների» համար մրցակցությունը թեժ է լինում: Ահա, նման թեժ մրցակցության պայմաններում ավելի քան 70 օր թափուր է Իջեւանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը: Ապրիլի կեսին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել անտառտնտեսության տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանը:

Իջեւանում տարածված խոսակցությունների համաձայն` բազմաթիվ անձինք են ակնկալում դառնալ անտառտնտեսության ղեկավար, սակայն Արթուր Գաբրիելյանի անունը հավակնորդների ցանկում չկա: Իսկ այն, որ մինչ օրս այդ պաշտոնը թափուր է, ըստ տարածված խոսակցությունների, պայմանավորված է այն հանգամանքով, որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում «վերեւների հետ հարցերը լուծել»:
Նշենք, որ Իջեւանի անտառտնտեսությունում բացահատվել են ապօրինի մեծածավալ ծառահատումներ:
ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը 2014թ. ընթացքում առնվազն 4 անգամ մեծ ծավալի ապօրինի անտառհատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում եւ ամեն անգամ փայտանյութը անտառից «Ուրալ» մեքենայով տեղափոխելու համար, որպես կաշառք, խոշոր չափի գումարներ է տվել Խաչարձանի անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժին: Այնտեղ ապրիլի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով (Յուրացնելը կամ վատնելը), 296 հոդվածի 1-ին մասով (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը), 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 312 հոդվածի 2-րդ մասով (Խոշոր չափերով կաշառք տալը): Ապօրինի կերպով ծառեր հատած եւ խոշոր չափերով կաշառք տված Սամվել Ստեփանյանը 2 հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Դժվար է պատկերացնել, որ Ս. Ստեփանյանը սեփական ցանկությամբ ոստիկանությանը կհայտներ իր կողմից անտառապետին խոշոր չափերի կաշառք տալու մասին, եթե իմանար, որ, ի վերջո, իրեն եւս որպես մեղադրյալ կներգրավեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս