ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Սոչիում
Այս գիշեր Սոչիում տեղացած հորդառատ անձրեւները հեղեղել են քաղաքի փողոցները: Անձրեւները Սոչիում տեղացել են հունիսի 25-ի գիշերը, առավոտյան տեղումներն ուժեղացել են եւ էլ ավելի են վատթարացրել իրավիճակը: Ջրի տակ են հայտնվել նաեւ Ադլերի որոշ փողոցներ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ո՞ր հանգամանքների դեպքում է ծառայողական քննությամբ պարզաբանում իրականացվում:
Վիգեն Գեւորգյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝
ա) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողի կողմից Խորհուրդ ներկայացված պահանջում նշված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառվելիք կամ կիրառված կարգապահական տույժի, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը.
բ) ծառայողական քննության կողմերի եւ այլ անձանց ունեցած առնչությունն ու մեղավորությունը քաղաքացիական ծառայողի կատարած կարգապահական խախտման դեպքին.
գ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ Խորհուրդ ներկայացված դիմումների հիմնավորվածությունը.
դ) կարգապահական խախտումների առաջացմանը նպաստող պայմանները.
ե) այլ հանգամանքներ, որոնցով ծառայողական քննության կողմերը հիմնավորում են իրենց դիմումները:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման հանգամանքներից խուսափելու համար ցանկալի է, որ յուրաքանչյուր աշխատող հնարավորինս պատասխանատվությամբ վերաբերվի իր աշխատանքին եւ բարեխղճորեն կատարի իր պարտականությունները:
ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ինչ կարգով է հատկացվում սոցիալական փաթեթը, ո՞ւր կարող եմ դիմել եւ ինչ փաստաթղթեր ներկայացնեմ:
Էլեն Մարտիրոսյան (27 տարեկան, դաշնակահարուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք` կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Դիմումի եւ տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին՝ ամսական կտրվածքով՝ բացառությամբ հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր եւ զբոսաշրջային օպերատորի միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով: Այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գոնե սոցիալական փաթեթը հնարավորություն է տալիս քաղաքացիներին օգտվել որոշակի արտոնություններից, ինչպիսիք են ուսման վարձի, հիպոթեքային վարկի ամսական վճարի մարումը, հանգիստը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, առողջության լրացուցիչ ապահովագրական փաթեթը շահառուի կամ ընտանիքի անմիջական անդամի համար: