Որտե՞ղ է իշխանությունների հովանավորությունը երևացել. ակտիվիստը` «Ոչ թալանին» շարժման ձախողման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք Բաղրամյան պողոտայում շարունակելու են իրենց պայքարը, քանի որ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված աուդիտը ձեւական բնույթ է կրելու: Արմեն Մկրտչյանը նշեց նաեւ, որ իրենց կուսակցության անդամները Բաղրամյան պողոտայում են լինելու, սակայն ինքն այլեւս որեւէ առնչություն չի ունենալու «Ոչ թալանին» նախաձեռնության հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, Դուք հայտարարել եք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության ղեկավար կազմից դուրս եք եկել ու այլեւս որեւէ կապ չունեք նրանց հետագա գործունեության հետ: Ի վերջո, ինչո՞ւ որոշեցիք հեռանալ նախաձեռնությունից, ի՞նչը Ձեզ հիասթափեցրեց:

-Ես հիմա էլ Բաղրամյան պողոտայում եմ իմ ընկերների հետ, «Հայազն» կուսակցության անդամների հետ եմ ու շարունակում եմ պայքարել ժողովրդի կողքին, որովհետեւ ժողովուրդը որոշել է պայքարել Բաղրամյան պողոտայում: Ընդամենը հայտարարել եմ, որ նախաձեռնող խմբի հետ որեւէ կապ չունեմ, իսկ ես պայքարը չեմ կարող լքել, որովհետեւ պայքարը շարունակվում է, ու մեր վերջնական նպատակները դեռեւս հեռու են կատարվելուց:

-Բայց ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք, նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ պայքարն այլեւս քաղաքական բնույթ է կրում, ոմանք էլ ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին մեղադրեցին պայքարի պառակտման համար: Դուք ե՞ւս այդ տեսակետին եք: Ի՞նչ կատարվեց իրականում, մի՞թե իշխանություններին հաջողվեց պառակտել պայքարողներին:

-Բողոքի նախաձեռնության մեջ կար հետաքրքիր համերաշխություն, որը շատ մեծ գնահատականի է արժանի: Ես շարունակում եմ պահպանել մարդկային հարաբերությունները բոլորի հետ, բայց նախաձեռնության իմաստն արդեն կորավ, որովհետեւ դուրս եկավ, որ նախաձեռնությունը, ցավոք, չկարողացավ ամբողջ ժողովրդի կարծիքը համընդհանուր կերպով արտահայտել: Դա նորմալ երեւույթ է, նախաձեռնությունները հավերժ չեն, այլ մի ընդհանուր գործողության համար, ու ես կարծում եմ, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը պատվով կատարեց իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Ու եթե ընկերներս կշարունակեն այդ նախաձեռնությամբ աշխատել, ես ուղղակի բարի երթ կմաղթեմ:

-Նախօրեին հայտարարեցիք, որ Դուք Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ եք «տեղափոխվում», այնտեղ վրանային ավան ստեղծելու ու Ձեր պայքարը շարունակելու համար: Ինչո՞ւ, երբ ոստիկանությունը որոշեց «ցրել» բողոքի ակցիայի մասնակիցներին, հեռացաք Բաղրամյան պողոտայից, այնուհետեւ կրկին որոշեցիք վերադառնալ այնտեղ: Մշտապես հայտարարել եք, որ Ձեր խնդիրը ծեծ «ուտելը» չէ, այլ պայքարելը, հիմա ո՞րն է Ձեր պահանջը:

-Ես եղել եմ ե՛ւ Ազատության հրապարակում, ե՛ւ Բաղրամյան պողոտայում, տեսել եմ, որ Ազատության հրապարակում հավաքված զանգվածի ամբողջ ներկապնակը, մի քանի տասնյակից ավել մարդիկ, գտնվում են Բաղրամյան պողոտայում, տեղեկացել եմ, որ ոստիկանությունը պատրաստվում է ուժ կիրառելով Բաղրամյան պողոտայից դուրս հանել քաղաքացիներին՝ իմ ընկերների հետ վերադարձել եմ Բաղրամյան պողոտա: Եւ ամբողջ գիշերը ես անցկացրել եմ Բաղրամյան պողոտայում ու շարունակում եմ այստեղ գտնվել:

-Խոսակցություններ են շրջանառվում, թե «Ոչ թալանին» նախաձեռնությունը իշխանությունների կողմից «հովանավորություն» ունի, ինչի համար էլ մինչեւ այժմ նրանք հանդուրժում են այն իրավիճակը, որն առկա է: Որքանո՞վ է իրականությանը մոտ նման տեղեկությունը:

-Որտե՞ղ է այդ հովանավորությունը երեւացել, դրանք ծիծաղելի տեղեկություններ են: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ եղել են մշտապես անկեղծ ու որեւէ միտում չեն ունեցել: Դրանք ուղղակի հերյուրանքներ են, որոնց տարածումը նպաստում է մեր գլխավոր հակառակորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագրերի իրականացմանը, որովհետեւ այս շարժման ոչնչացումը միայն արդյունավետ է Սերժ Սարգսյանի ու իր ղեկավարած վարչակազմի համար: Այն ուժերը, որոնք որ կցանկանան, որպեսզի այս շարժումը ինչ-որ ձեւով տապալվի, ուղղակիորեն կնպաստեն Սերժ Սարգսյանի քաղաքականության առաջընթացին: Տապալվել ասելով ես նաեւ նկատի ունեմ Ազատության հրապարակում կամ Բաղրամյան պողոտայում գտնվող քաղաքացիների միջեւ մեկը մյուսի հանդեպ վիրավորանքներով թշնամանք առաջացնելը:

-Արդեն հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված աուդիտը տեւելու է 3-6 ամիս, արդյո՞ք Դուք այդ ամիսների ընթացքում շարունակելու եք փողոցային պայքարը եւ նստացույցերը:

-Իհարկե, աուդիտը անլուրջ պատճառաբանություն էր ժողովրդին ցրելու համար: Սերժ Սարգսյանը կատարեց իր հերթական մտածված քայլը, մեզ փորձեց մոլորության մեջ գցել: Իհարկե, նման աուդիտներ ամեն տարի ՀԷՑ-ում տեղի են ունենում, կարող եք ՀԷՑ-ի արխիվից ծանոթանալ, որ նման աուդիտները նոր չեն, ու բոլորն էլ դրա մասին շատ լավ քաջատեղյակ են: Ակնհայտ է, որ ցանկացած աուդիտ իշխանությունների կողմից հնարավոր է վերահսկել, եւ կարող են համապատասխանաբար թվերը փոխել: Իսկ իմ անձնական կարծիքով՝ մեր խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած խումբը լքեն ՀՀ իշխանությունը: Աուդիտը ընդամենը մի փոքրիկ հաջողություն էր, որը ճնշման ներքո եղավ, ընդամենը այսքանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս