Արդեն 10 օր է, ինչ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը` Բաղրամյանը, փակ է, որն առաջացնում է տեղաշարժման հետ կապված խնդիրներ գրեթե բոլորի համար, այդ թվում լրագրողների: Ազգային ժողովի շենք մտնելը լրագրողների համար լրջագույն հարց է դարձել, իսկ ԱԺ լրատվության պետը Ֆեյսբուքում է ժամանակ անցկացնում:
Այսօր` ժամը 13:00-ին, Ազգային ժողովում նախատեսված էր ԵԽԽՎ հայկական պատվիրակության մամլո ասուլիսը եւ լրագրողները` ԱԺ անցաթղթերը ձեռքներին, չէին կարողանում ճեղքել ոստիկանական պատնեշը ԱԺ հասնելու համար:
Ոստիկանությունը նույնիսկ Ազգային ժողովի հավատարմագիր ունեցող լրագրողներին հորդորեց շրջանցել Բաղրամյանը՝ ԱԺ մտնելով Դեմիրճյան փողոցի մուտքով: Պարզվում է` ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի անձնական էջում առաջարկել էր ԱԺ մուտք գործելու այլընտրանքային տարբերակ: Նա գրել էր, որ «այսօր՝ ժամը 13:00-ին, նախատեսված ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք ժամը 12:15-ին լինել Մ.Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, որտեղից լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ ԱԺ վարչական շենք կտեղափոխվեն համապատասխան փոխադրամիջոցներով»:
Լրագրողներից շատերը չէին տեսել Բաբայանի ստատուսը, քանի որ պարտավոր չեն հետևել նրա ֆեյսբուքյան էջին: Կոնկրետ Armlur.am-ի խմբագրությունը որևէ կերպ չէր տեղեկացվել, որ Բաղրամյանից այլընտանքային տարբերակ է առաջարկվում՝ ԱԺ մուտք գործելու համար: Պետական բյուջեից սնվող վարչության պետը հարկ չի համարել պաշտոնապես տեղեկացնել` բավարարվելով միայն ստատուս գրելով, որն ավելի շատ զվարճանք է հիշեցնում, քան աշխատանք: Ու նրա այդ անպատասխանատու պահվածքի հետևանքով լրագրողներից մի քանիսը, այդ թվում Armlur.am-ի լրագրողը ստիպված էին շրջանցել Բաղրամյանը, Պռոշյան փողոցով իջնել Դեմիրճյան փողոց` այնտեղից ԱԺ մուտք գործելու համար:
Սակայն այստեղ էլ ԱԺ անվտանգության աշխատակիցներն ասացին, թե լրագրողները Բաղրամյան պողոտայի մուտքով պետք է ներս մտնեն: Մի խոսքով՝ տուն-տունիկ: Նկատենք, որ ԱԺ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի` լրատվամիջոցների հետ ոչ բարեխիղճ աշխատանքի հետևանքով, լրագրողների համար պարբերաբար առաջանում են արհեստական խոչընդոտներ, ինչը կարող էր չլինել, եթե Արսեն Բաբայանը գիտակցեր իր պարտավորությունները եւ պատասխանատվության որոշակի չափաբաժին ունենար: Բայց նա աշխատում է այնպես իմիջայլոց, ինչպես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ կիսաքնած, կիսաարթուն:
Քրիստինա Աղալարյան