Հունիսի 30-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ փոխնախագահների, ՀՖՖ իրավական մարմինների, ՀՖՖ մշտական կոմիտեների նախագահների նշանակումները, վեճերի լուծման պալատի նախագահի և փոխնախագահի թեկնածուների ցուցակի հաստատումը, «ՀՀ ակումբների միջեւ 2015-2016թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի քննարկումն ու հաստատումը և ՀՖՖ Կարգապահական կանոնակարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու հարցերը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով ՀՖՖ գործադիր մարմինը առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, իսկ փոխնախագահի պաշտոնում՝ Աշոտ Մանուկյանին:
ՀՖՖ Գործկոմը նշանակեց իրավական մարմինների նախագահներին: Կարգապահական կոմիտեն կգլխավորի Ռուբեն Սինոյանը, Բողոքարկման կոմիտեն՝ Դավիթ Ազիզյանը և Փորձագիտական կոմիտեն՝ Ղազար Հակոբջանյանը:
ՀՖՖ Գործկոմը նշանակեց ՀՖՖ մշտական կոմիտեների ղեկավարներին հետևյալ կազմով՝ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխությունների կոմիտե՝ Արտակ Մնացականյան, Մրցավարական կոմիտե՝ Լևոն Հասրաթյան, Մանկապատանեկան ֆուտբոլի կոմիտե՝ Էդուարդ Ղազարյան, Մասսայական ֆուտբոլի կոմիտե՝ Տարոն Մարգարյան, Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտե՝ Սուքիաս Ավետիսյան, Իրավական կոմիտե՝ Հրայր Թովմասյան, Բժշկական կոմիտե՝ Էդիկ Մարգարյան, Ֆինանսական կոմիտե՝ Թովմաս Գրիգորյան, Ներքին աուդիտի կոմիտե՝ Արամ Գալյան:
ՀՖՖ Գործկոմը հաստատեց վեճերի լուծման պալատի նախագահի և փոխնախագահի թեկնածուների ցուցակը հետևյալ կազմով՝ Լուսինե Բակումյան, Լուիզա Մինասյան, Դավիթ Ազիզյան, Արմինե Հովհաննիսյան և Հրաչյա Ղամբարյան:
Գործկոմի նիստի ընթացքում ՀՖՖ Գործկոմի անդամ, «Միկա» ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հաստատելով «Միկայի» մասնակցությունը Հայաստանի Բարձրագույն խմբի 2015-2016 թթ. առաջնությանը, միաժամանակ հայտնելով, որ պաշտոնական գրությունը կներկայացվի ՀՖՖ մեկ օրվա ընթացքում:
ՀՖՖ Գործկոմը ողջունեց «Միկա» ակումբի հայտարարությունը և որոշում կայացրեց հետաձգել «ՀՀ ակումբների միջեւ 2015-2016թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի հարցի քննարկումը մեկ օրով՝ հնարավորություն տալով «Միկային» պաշտոնական գրությունը ներկայացնել ՀՖՖ:
ՀՖՖ Գործկոմը հաստատեց Կարգապահական կանոնակարգը՝ փոփոխություներով և լրացումներով: