Թռչկանը նամակ է գրել ոստիկանապետին Քարերի սիմֆոնիայի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Թռչկան” քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Հայաստանի ոստիկանության պետ Վ. Գասպարյանին:
“Գառնու տարածքում գտնվող “Քարերի սիմֆոնիա” կոչվող բնության հուշարձանի քարերը կոտրելու եւ գողանալու մասին ս. թ. նոյեմբերի 29-ին մեր նախաձեռնության անունից մի շարք լրատվամիջոցներով հաղորդագրություն եւ տեսանյութ էինք տարածել:
Այդ հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերով նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, ումից ընդունվել է հաղորդում:
Այնուհետեւ, լրատվական միջոցներով մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարածված տեղեկատվության մեջ նշված քար կտրող անձինք են Գառնի գյուղի բնակիչներ, 1989 թ. ծնված Ֆելիքս Մ.-ն, 1981 թ. ծնված Սեւակ Հ.-ն եւ 1981 թ. ծնված Ջիվան Դ.-ն, որոնք նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Գառնիի բաժանմունք եւ խոստովանել, որ ս/թ հոկտեմբերի կեսերից մինչեւ նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել: Կատարվում է հետաքննություն:
Ողջունելով ոստիկանության արագ արձագանքը՝ մեր նախաձեռնության հայտարարությանը, բայցեւ  չմիջամտելով եւ չխոչընդոտելով հետաքննության ընթացքին, միայն հարկ ենք համարում հայտնել մեր կարծիքը ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների մասին:
Մենք համոզված ենք, որ այդ նույն բազալտից Գառնիում եւ այլ վայրերում կան այլ շենք-շինություններ, միայն այս քաղաքացու պապի գերեզմանատեղում առկա չէ պարիսպ, մենք համոզված ենք, որ Գառնու համայնքում այլ պարիսպներ էլ կարելի է հայտնաբերել: Սկսած 2007 թվականից բնապահպան-ակտիվիստները եւ լրատվամիջոցները  բազմիցս ահազանգել են այս խնդրի վերաբերյալ, բայց զարմանալիորեն Ոստիկանությունը հայտնաբերել է միայն Գառնու այս երեք բնակիչներին եւ միեւնույն ժամանակ իր հայտարարությամբ նշել, որ Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուները տարիների ընթացքում պոկվել ու գետնին են թափվել: Մեր տեսանյութում մենք ակնհայտ ցույց ենք տալիս, որ Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուները մարդկային գործոնի արդյունքում են տարիներ շարունակ “պոկվել” ու “գետնին թափվել”, համոզվելու համար ոստիկանությունը կարող է մասնագիտական փորձաքննություն նշանակել:
Սույն հայտարարությամբ հորդորում ենք ոստիկանությանը` իրականացնել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի հետաքննություն, հաշվի առնել մեր կողմից ներկայացված տեսանյութը, որտեղ երեւում են իրեղեն ապացույցները (լոմ, բեռնատար ավտոմեքենայի հետքեր, բնության հուշարձանի բազալտե սյուների վրա գործիքի հետքերը):
Օգտվելով առիթից, մեկ անգամ եւս առաջարկում ենք Գառնու տարածքի “Քարերի սիմֆոնիայիե այդ տարածքում, որն ամբողջությամբ տեսանյութում երեւում է, ապահովել շուրջօրյա հերթապահություն՝ գալիք հանցագործությունները կանխելու նպատակով, մինչեւ որ պետական լիազոր մարմնի կողմից կազմվի եւ հաստատվի այս բնության հուշարձանի անձնագիրը”,- ասված է նամակում:




Լրահոս