Վերջին մեկ շաբաթում ՀՀ Կառավարությունը, կարելի է ասել, որ մեծ հաշվով անգործության է մատնված: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախարարները, նրանց տեղակալները, վարչության պետերը եւ մյուս պատասխանատուները ողջ օրը համակարգչի առջեւ նստած առցանց հետեւում են Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցին եւ դրա շուրջ ընթացող զարգացումներին:
Հայաստանյան մամուլի վերջին մեկ շաբաթվա լրահոսը ուսումնասիրելիս նախարարների եւ նրանց գերատեսչությունների գործունեության մասին լուրերը մի տեսակ անհետացել են: Իհարկե, մեկումեջ կարելի է հանդիպել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծիրանային սելֆիներին, բայց ողջ խնդիրն այն է, որ ո՛չ նա ինքը եւ ո՛չ էլ նրա ղեկավարած գերատեսչությունը կապ չունեն ծիրանի առատ բերքի հետ, հակառակ դեպքում անցած` անծիրան տարվա պատասխանատուն եւս նա է: Այս ընթացքում նախարարներից մեկ էլ աչքի է ընկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հանրահայտ ֆոտոսեսիայով: Կասկածից վեր է, որ եթե այդ ֆոտոսեսիան չհամընկներ Բաղրամյան պողոտայի նստացույցի հետ, ապա այն բավական երկար ժամանակ կլիներ հայկական լրահոսի թիվ մեկ թեման:
Մնացած նախարարները մի տեսակ կարծես ընդհատակ անցած լինեն: Օրինակ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, թվում է, թե հատկապես այս օրերին պետք է, որ առավել քան ակտիվ լիներ եւ հանրությանը ցույց տար, որ ինքը ջանք չի խնայում իրեն վստահված ոլորտում իրավիճակը կարգավորելու համար: Ի վերջո, նստացույցի պատճառը հենց Զախարյանին վստահված էներգամատակարարման ոլորտում տիրող բարձիթողի վիճակն է: Բայց ինչպես տեսնում ենք՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երվանդ Զախարյանը գործնականում խոր ընդհատակ է անցել:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ծպտունը եւս դուրս չի գալիս: Չնայած որ նա լրագրողներին հասանելի նախարար է: Ոչ մի տեղեկություն չկա նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից եւ այսպես շարունակ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ վերջին մեկ շաբաթում մի պահ լրահոսի կիզակետում հայտնվեց, երբ որոշել էր այցելել Բաղրամյան պողոտայի նստացույցի վայր եւ, մեղմ ասած, տհաճ վիճակում էր հայտնվել: Դրանից հետո Արմեն Աշոտյանն իր մասին հիշեցնում է ֆեյսբուքյան գրառումներով:
Բնական հարց կարող է առաջանալ՝ թե ինչու են Կառավարության անդամներն իրենց նման ոչ ադեկվատ ձեւով պահում: Մի՞թե նրանք չեն գիտակցում իրենց առաքելության լրջությունը: Փոխանակ մարդկանց համոզեն, որ իրենք օր ու գիշեր զբաղված են երկրում ստեղծված խնդիրները լուծելով, հակառակ մոտեցումն են դրսեւորում` անհետանում են, կորում:
Ըստ երեւույթին Կառավարության անդամներն էլ են ցանկանում հասկանալ, թե Հայաստանում ինչ է կատարվում: Բանն այն է, որ նույն իշխանության ներկայացուցիչները չեն հասկանում, թե Հայաստանում ինչ է կատարվում: Եթե նստացույցը վերահսկվող գործընթաց էր, ապա այն վաղուց պետք է ավարտված լիներ: Եթե իշխանությունները չեն կարողանում նստացույցը վերահսկել եւ տանել մարման, ապա դա ենթադրում է, որ վաղ թե ուշ դա հանգեցնելու է Կառավարության հրաժարականի, իսկ այս դեպքում իմաստ չունի ինչ-որ բան անել: Մի խոսքով, ինչպես Հայաստանի բնակչության մի զգալի մասը, նախարարները եւս այս օրերին հիմնականում զբաղված են Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցին հետեւելով` փորձելով հասկանալ, թե այդ գործընթացն իրենց ապագայի վրա ինչպես կազդի:
Հուսանք՝ ՀՀ վարչապետը կքննարկի ՀՀ Կառավարության անդամների աշխատավարձերից որոշակի պահումներ անելու հարցը, քանի որ պետական գրեթե բոլոր կառույցներն այս օրերին մատնված են անգործության:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ