Ինչպես հայտնի է “Խոսրովի անտառ պետական արգելոց” ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը մնաց թափուր նոյեմբերի 23-ին անցկացված “մրցույթից” հետո:
Այդ օրվանից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն “Խոսրովի անտառ պետական արգելոց” ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման նոր հայտարարություն չի արվել Բնապահպանության նախարարության կողմից: Մեր նախաձեռնությունները այսօր դիմում են հղել Բնապահպանության նախարարին, որում մասնավորապես նշված է.
“Կարևորելով Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանության և կառավարման հետ կապված հարցերը և անընդունելի համարելով բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումը ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքում թողնելը, խնդրում ենք այս շաբաթվա մեջ հայտարարել “Խոսրովի անտառ պետական արգելոց” ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և հրապարակել այդ հայտարարության տեքստը:
Միևնույն ժամանակ, սույն մրցույթն ավելի թափանցիկ և արդար անցկացնելու համար առաջարկում ենք հայտարարության տեքստում հստակեցնել.
1.նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջները, մասնավորապես՝ համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը և որակավորումները (,համապատասխան կրթությունե բառակապակցությունը տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս),
2.ներկայացվելիք հայեցակարգերի պահանջները, մասնավորապես`բովանդակային պահանջները, ակնկալվող ծավալը,
3.հանրայնացնել բոլոր թեկնածուների ինքնակենսագրությունները, մասնագիտական և աշխատանքային փորձի տվյալները,
4.հանրայնացնել նրանց կողմից ներկայացված`պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգերը (ըստ հավակնորդների տեսակետի),
5.ապահովել մրցույթի, այդ թվում` հարցազրույցների հրապարակայնությունը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ լրացուցիչ աշխատանքներ կատարելու կամ տեղեկություններ ձեռք բերելու անհրաժեշտություն չկա, ուստի ակնկալում ենք ստանալ Ձեր պատասխանը ,Տեղեկատվության ազատության մասինե ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հհ սահմանված 5-օրյա ժամկետում:
“Թռչկան” և “Խոսրով” քաղաքացիական նախաձեռնություններ