ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հունիսի 24-ին հարցադրումներ է ուղղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Ավելին՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ Կարեն Անդրեասյանը նշված կառույցների ղեկավարներին իր հարցադրումներին պատասխանելու համար նվազագույն 3-օրյա ժամկետ էր սահմանել:
Իսկ թե կոնկրետ ինչ հարցադրումներ էր ուղարկել նշված կառույցների ղեկավարներին, այդ մասին մանրամասներ չկան: Միայն հայտնի է, որ երեկ լրացավ Կարեն Անդրեասյանի կողմից ուղարկված հարցադրումներին պատասխանելու ժամկետը: Ի՞նչ պատասխան է ստացել ՄԻՊ-ը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կարեն Անդրեասյանին բարեհաճել է պատասխանել միայն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հարցումները ստանալուց 2 օր անց:
Մեզ հասած տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանը ՀՀ առողջապահության նախարարից պահանջել է պատասխանել, թե ինչու է բժիշկը հրաժարվել օգնություն ցուցաբերել հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում բռնության ենթարկված աղջկան եւ ով է նա, արդյո՞ք պատժվել է: Թե ինչ են պատասխանել ՄԻՊ-ին, մեզ չհաջողվեց պարզել, բայց «Ժողովուրդ»-ին տված պարզաբանումը դուրս էր երեւակայության սահմաններից: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ «նշված անձը ՀՀ առողջապահության նախարարության քաղաքացիական բժշկական հաստատության աշխատակից չէ, ուստի մենք իրավասու չենք պարզել նշված բժշկի ինքնությունը»: Իսկ թե ով է մեր երկրում բժշկի հագուստով շտապօգնության մեքենա նստում եւ դեպքի վայր ժամանում, առողջապահության նախարարությունում տեղյակ չեն: Եվ այս մակարդակով էլ մեր երկրում բժշկական ծառայություն են մատուցում և Հիպոկրատի երդում տալուց հետո մարդկանց կյանքը փրկելու հավակնություն հայտնում:
Հետաքրքիր է՝ ԱՆ Արմեն Մուրադյանը գիտակցո՞ւմ է իր պաշտոնի լրջությունը, թե՞ միայն PR քայլերով ցանկանում է «թոզ փչել» հասարակության աչքերին, թե աշխատում է: Ամենայն հայոց Կաթողիկոսի անձնական բժիշկ լինելն ու նրա հրահանգները կատարելը դեռ չի նշանակում առողջապահության նախարարի գործառույթներն ապահովել: Հիշեցնենք, որ «Առողջապահության նախարարության առաքելությունն է առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը, դրանց իրականացման կազմակերպումը… բնակչության առաջնային եւ մաuնագիտացված բժշկական oգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը»:
Ըստ էության, նախարարությունն անկարող է ապահովել մաuնագիտացված բժշկական oգնություն ու ծառայություն:
Հ. Գ. Երեկ ՄԻՊ գրասենյակը հայտել է նաեւ, որ հունիսի 23-ի միջադեպի կապակցությամբ վարույթ են հարուցել, իսկ ՀՀ ոստիկանությունը նրանց կպատասխանի մինչեւ հուլիսի 5-ը:
Արփինե Թովմասյան