Երեկ բավականին ուշագրավ տեղեկատվական արտահոսք կազմակերպվեց Սերժ Սարգսյանի մերձավորների ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներում: Կեսօրին տեղեկատվություն տարածվեց, թե Բրյուսելում գտնվող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զանգահարել է իր կուսակիցներին եւ ասել, թե վերջնականապես որոշել է` առաջադրվելու է եւ այդ մասին հայտարարելու է հենց Բրյուսելում` ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում: Սակայն արդեն հաշված րոպեներ անց լրատվական դաշտը հեղեղվեց ԲՀԿ եւ Ծառուկյանի խոսնակների հավաստիացումներով, որ ԲՀԿ առաջնորդն իր որոշման մասին կհայտարարի Հայաստանում: Արդյո՞ք սա զուտ քարոզչական հնարքի կիրառում էր, թե՞ իրականություն, դժվար է միանշանակ ասել, համենայնդեպս` երեկ Ծառուկյանը որեւէ բան չհայտարարեց: Չի բացառվում, որ նրա խորհրդականներն ասել են, թե առաջադրվելու մասին Բրյուսելից հայտարարելը «սիրուն չի, Գագի՛կ Նիկոլաեւիչ»` նախ, հայաստանածին ուժի անընդհատ շեշտվող քաղաքական բրենդի առումով, ապա եւ` հայտնի չէ, թե այդ կարեւորագույն որոշումը Եվրոպայում կայացնելու փաստին ինչպես կարձագանքեն ԲՀԿ-ի ռուսաստանյան հովանավորները: Եվ չնայած, որ այդքան սպասված հայտարարությունը չհնչեց, ԲՀԿ առաջնորդի` երեկ արած մի քանի այլ հայտարարություններ արդեն իսկ կասկածի տեղիք չեն թողնում, որ առաջադրվելու որոշումը կայացված է: Այսպես. Եվրոպական խորհրդարանի նախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ «անկաշկանդ շփման ընթացքում» (ինչպես նշված է ԲՀԿ հաղորդագրության մեջ) Գ. Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»: Ասել է թե` Ծառուկյանը Սերժ Սարգսյանին հրապարակավ անվանել է «հիմնական կոռումպացված անձ»: Մի կողմ թողնելով այն հարցը, որ Ծառուկյանի նման գործարարի կողմից (ում մայրը, ի դեպ, հպարտանում էր «բաշարելու» ու հարկերը չվճարելու համար) կոռուպցիայի դեմ պայքարի մասին մտքեր լսելով՝ դժվար է զսպել Սերժ Սարգսյանի նման «քահ-քահ ծիծաղելու» ցանկությունը, փորձենք հասկանալ, թե այդ ինչպես եղավ, որ անգամ հարաբերությունների ամենասրված փուլում Սերժ Սարգսյանին անփոփոխ «նախագահ ջան»-ով դիմող Ծառուկյանը մեկեն «ասլան կտրեց» ու իր «նախագահ ջան»-ին ոչ ավել, ոչ պակաս` ողջ Եվրոպայով մեկ «հիմնական կոռումպացված անձ» անվանեց: Իսկ պատճառն այն է, որ Ծառուկյանին եվրոձյաձյաները «դուխ են տվել», շա՜տ մեծ «դուխ»: Ասել են` գնա՛, առաջադրվի՛ ու մասնակցի՛ ընտրություններին, քո ստացած քվեներին էլ մենք տեր ենք: Մասնավորապես Եվրանեսթ ԽՎ համանախագահ Ք. Վիգենինը տեղեկացրել է, որ իրենց դիտորդական առաքելությունն իրականացնող կառույցները «ուշի ուշով հետեւելու են ներքաղաքական բոլոր զարգացումներին»: Ծառուկյանն էլ հավատացել է ու մի պահ իրականության զգացողությունն այնքան կորցրել, որ սկսել է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այսպիսով կարելի է ասել` եվրոձյաձյաները լուծեցին Սերժ Սարգսյանի համար այնքան ցանկալի մրցակցային ընտրապայքարում հաղթելու հարցը: Ապրեն:
ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ