ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք ՕԵԿ-ը չի նեղացել կառավարությունից, որ իրենց խմբակցության գրեթե բոլոր ծրագրերը մերժվել են, ասաց, թե նեղանալու կամ չնեղանալու հարց չկա:
-Պարո՛ն Շահգելդյան, փաստորեն, կառավարությունը 2013թ. պետական բյուջեի մասով ՕԵԿ-ի գրեթե բոլոր առաջարկություններին բացասական պատասխան է տվել կամ էլ եզրակացությունում շատ «բարեկիրթ» ձեւով նշված է, թե Ձեր հարցը կքննարկվի, ասենք, 2014-2016թթ.: Այսքանից հետո ՕԵԿ-ն ինչպե՞ս կողմ քվեարկեց բյուջեին:
-Խնդիրը նրա մեջ չէ, որ մենք մերժում ենք ստացել, որովհետեւ բյուջեում կան ընդգրկված մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնք մեզ համար սկզբունքային են: Եւ այդ սկզբունքային մոտեցումները նաեւ մեր ծրագրերի մեջ են, եւ մենք կարեւորում ենք, որ դրանք կան բյուջեի մեջ ֆիքսված: Նախ՝ առաջին խնդիրը ավանդների վերադարձի շարունակականությունն է, որն ի սկզբանե եղել է մեր ծրագրային դրույթներից: Իսկ երկրորդ խնդիրը, որը նաեւ ծրագրային է ու ֆիքսված է, աղետի գոտու շինարարության եւ վերականգնողական աշխատանքների շարունակությունն է: Երրորդ խնդիրն էլ ծննդօգնության խնդիրն է, ու գիտեք, որ այս ամենը մեր ծրագրերի մեջ է ընդգրկված:
-Բայց ՕԵԿ-ին չի՞ անհանգստացնում այն փաստը, որ կառավարությունը գրեթե որեւէ հստակ պատասխան չի տվել, պարզապես ինչ-որ ժամկետներ են նշել:
-Չէ՛, տեսե՛ք՝ ինչի մասին է խոսքը, բյուջեն ձեւավորվում է միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հիման վրա, այս տեսանկյունից արդեն շատ հստակ դրական գնահատականներ կան մի շարք մոտեցումների վերաբերյալ: Տարբեր քաղաքական ուժերի առաջարկություններ կան, որոնք ընդունվել են, ու որոնք էլ չեն ընդունվել:
-Մյուսների դեպքում հասկանալի է, իսկ ՕԵԿ-ի դեպքում շատ տարօրինակ է, քանի որ մերժվելուց հետո կողմ է քվեարկել կառավարության ծրագրին:
-Նշեմ, որ ՀՀԿ ֆրակցիայի որոշ անդամների առաջարկությունները եւս մերժվել են, իրենք էլ անգամ ասացին, որ մի բաժինն ընդունվել է, իսկ առյուծի բաժինը չի ընդունվել:
-Այո՛, անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դժգոհեց՝ նշելով, թե նեղացած եւ վիրավորված է, քանի որ կառավարությանը խնդրել էին ավելացնել ներկայացուցչական ծախսեր, բայց մերժվեց: Ի վերջո, ՕԵԿ-ն այսքանից հետո չի՞ նեղացել, որ կառավարությունը ձեր ամբողջ առաջարկությունները կարեւոր չի համարել:
-Գիտեք, ես չեմ ուզում դա մեկնաբանել, ուղղակի այստեղ նեղանալու-չնեղանալու խնդիր չկա, մեր մոտեցումները համակարգային բնույթ են կրում, կարեւորն այն է, որ բյուջեի մեջ լինեն նշածս այն գերակայությունները, որոնք մենք կարեւորում ենք եւ ցանկանում ենք, որ շարունակական լինեն: Դրանք արդեն ամրագրված են:
-Բայց սա այն կառավարությունն է, երբ ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունները բոյկոտ հայտարարեցին նրա ծրագրին, դարձյալ միայն ՕԵԿ-ը համարձակվեց կողմ քվեարկել: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի ենթակայության տակ է գտնվում ու անում է այն, ինչ նրա «սրտով» է:
-Չէ՛, ասեմ, որ Ձեր մոտեցումներն իրականությանը չեն համապատասխանում, ուղղակի էլի եմ նշում, որ բյուջեում արտացոլված են մեր բազմաթիվ գերակայություններ, դրանք այն մոտեցումներն են, որի համար մենք շարունակական պայքար ենք տանում: Բոլորը գիտեն, որ սա մեր ստրատեգիական ծրագրերից է, եւ այդպիսի բազմաթիվ բաներ կան: Կառավարության ծրագիրը 5 տարվա մոտեցումների ամբողջություն էր, որտեղ եւս արտացոլված են մի շարք ծրագրեր: Մենք հետեւողական ենք լինելու մեր մյուս ծրագրերի իրականացման համար:
-2013թ. բյուջեն «սոցիալական» բյուջե է համարվում, սակայն, ինչպես տեսնում ենք, դա որեւէ կերպ չի անդրադառնալու սոցիալական անապահով խավի վրա. կենսաթոշակների բարձրացում անգամ նախատեսված չէ…
-Խնդիրը հետեւյալն է. ամեն ինչ կարելի է իրականացնել պետության հնարավորությունների շրջանակներում: Իհարկե, մենք ուզում ենք, որ աշխատավարձերն ավելանան ավելի արագ, ուզում ենք նաեւ, որ թոշակները բարձրանան, եւ մենք լինելու ենք այդ աշխատանքներին հետեւողական, որպեսզի իսկապես աշխատավարձերը բարձրացվեն: Մենք փորձում ենք ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալ: Ու նշեմ, որ երբ մենք մեր մոտեցումներն ենք ներկայացրել մեր ազգաբնակչությանը, խոսել ենք մոտակա տարիների համար:
ՕԵԿ-ԻՆ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ