Մենք Վլ. Գասպարյանին վարձել ենք, որպեսզի նա ծառայություն մատուցի. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանց մեղադրյալի դատավարություն հնարավոր չէ իրականացնել: Եթե ինչ-որ ձևական գործընթաց պետք է նախաձեռնենք. դա ուրիշ հարց է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Պերմյակովի գործը հայկական կողմին փոխանցելու հետ կապված վերջին հայտարարությանը` ասաց «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա ՀՀ արդարադատության պահանջները բավարարված չեն և Պերմյակովի` մինչև այժմ ռուսական կողմում գտնվելը ապօրինի է. «Այս պահին ՀՀ Սահմանադրությունը և այն միջազգային պայմանագրերը, որոնք ստորագրված են ՀՀ և ՌԴ-ի միջև կոպտորեն խախտված են: Կոպտորեն խախտումը վերացնելու համար պետք է ՀՀ իրավապահ մարմինները իրենց իրավասությունների շրջանակում գնան, ձերբակալեն Պերմյակովին և հանձնեն Հայաստանի քրեակատարողական հիմնարկին»,-ասաց պատգամավորը:

Այնուհետև անդրադառնալով էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներին, մասնավորապես վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերին` Փոստանջյանը այն չհամարեց պառակտում` համարելով ճիշտ գործընթաց. «Ես դա չեմ գտնում որպես պառակտում: Սա ճիշտ գործընթաց է: Բոլոր երիտասարդների հետ շփվել էլ եմ: Ստեղծվել են կորդինացնող խմբեր, որոնց ուղորդելու կարիք չկա, բոլորն էլ խելացի երիտասարդներ են», -ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանների աշխատանքը հունիսի 23- ի բողոքի ակցիայի ժամանակ,պատգամավորը պատասխանեց, «Ոստիկանների գործունեությունները օրենքից դուրս էին, բռնի ուժ կիրաոելը անթույլատրելի էր:Նրանց հրաման տվողները պետք է կանչվեն և ենթարկվեն պատասխանատվության»:
Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բողոքի ակցիաներին մասնավոր հայտարարությամբ հանդես գալը, Փոստանջյանը որակեց՝ Գասպարյանը չի հասկանում, որ գտնվում է պետական ծառայության մեջ. «Պետական պաշտոնյան պետք է գիտակցի, որ չպետք է մասնավոր հայտարարությամբ զբղվի, պետք է լինի զսպված»:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի այն հայտարարությանը, որ իրենք «ծառա չեն, այլ ծառայող են», Զ. Փոստանջյանն ասաց,«Նա ծառայող է և ծառայում է, որովհետև մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրեն վարձել ենք, որպեսզի նա մեզ համար ծառայություն մատուցի, ուղղակի դա իրենց մոտ դա խախտված է»:

Արփինե Թովմասյան




Լրահոս