Հայաստանի Հանրապետությունում վերջերս արձանագրվող սուր աղիքային վարակների դեպքերը լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու ազդակ հանդիսացան։ Ի թիվս այլ միջոցառումների ՀՀ կառավարությունը 2015 թվականի մայիսի 21-ին հաստատեց 2009 թվականի մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին N 526-Ա որոշումը, համաձայն որի ստուգումների արգելքը այլևս չի տարածվում դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների վրա:
Այսուհետև այդ կազմակերպությունները ևս կներառվեն ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության ստուգումների տարեկան ծրագրում: Իսկ մինչ այդ, նման դեպքերը հնարավորինս կանխարգելելու և հատկապես երեխաների առողջության պահպանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների աջակցությամբ հանրապետության նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում հատուկ դասընթացներ են կազմակերպվում։ Առողջապահական պետական տեսչության մասնագետներն Արարատի և Արագածոտնի մարզերի կրթական ոլորտի ղեկավարներին և աշխատակիցներին արդեն ծանոթացրել են ՀՀ սանիտարական օրենսդրության և դրան առնչվող իրավական այլ ակտերի պահանջներին, դրանց ապահովման համար անհրաժեշտ պայմաններին։ Մասնագետները գիտելիքներ են տրամադրում առողջ ապրելակերպի և առողջ սննդի վերաբերյալ:
Դասընթացներին մասնակցում են նախադպրոցական և դպրոցական կազմակերպությունների տնօրենները, մանկավարժները, բուժաշխատողները, սննդի կառուցահատվածի աշխատակիցները, դաստիարակները և նրանց օգնականները:
Այս դասընթացների կազմակերպումը նպատակաուղղված է նախադպրոցական և դպրոցական կազմակերպությունների աշխատակիցների բժշկահիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացմանը։ Միաժամանակ ներկայացվում են առողջ ապրելակերպի և առողջ սննդակարգի ձևավորման ժամանակակից մոտեցումները։