ԵԶԴԻՆԵՐԻ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՔՐԴԱՑՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր է՝ եթե որեւէ օտար երկրում հայազգի երեխաներին հայերենի փոխարեն, օրինակ, ճապոներենի դասաժամեր պարտադրվեն, ինչ արձագանք կտա ՀՀ կառավարությունը: Հուսով ենք՝ ոչ դրական:
Այդ դեպքում առողջ տրամաբանությունից դուրս է մնում, թե ինչու Հայաստանում բնակվող եզդի երեխաների համար մի քանի համայնքների դպրոցներում եզդիերենի փոխարեն անց են կացվում քրդերենի դասաժամեր: Մի՞թե մեր կառավարության կիրթ եւ գրագետ մասնագետները չգիտեն, որ եզդիերենը եւ քրդերենը տարբեր լեզուներ են, եզդիներն ու քրդերն էլ` տարբեր ազգություններ` այդ թվում նաեւ տարբեր կրոնական պատկանելությամբ:  
Խոսքը Արագածոտնի մարզի Ռյա-Թազա, Ալագյազ, Ջամշլու, Ճարճակիս, Սիփան եւ Ավշեն համայնքների մասին է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը եզդիներ են, եւ հաշվվում է ընդամենը մի քանի քուրդ ընտանիք: Ընդհանուր առմամբ, 2011թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում ապրում է 40 620 եզդի եւ միայն 1519 քուրդ: Վերջինների մեջ լավագույն դեպքում կարող է լինել մոտ 500 դպրոցահասակ երեխա: Մինչդեռ «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության միջոցներով հրատարակվել է քրդերենի մոտ 700 դասագիրք: Հարց է առաջանում՝ ո՞ւմ համար: Եւ այդ գրքերը բաժանվում են եզդիական դպրոցներում: Արդյունքում՝ նշված եզդիական գյուղերի դպրոցներում, ուր նախկինում դասավանդվել է եզդիերեն, այսօր արդեն դասավանդվում է քրդերեն:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ նախագահ Բորիս Մուրազին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Զարմանալի է, ժամանակին այդ գյուղերում դասավանդվում էր եզդիերեն, իսկ հիմա ինչո՞ւ են քրդերեն մտցնում: Ի վերջո, ՀՀ ԱԺ-ն ընդունել է ե՛ւ եզդիների, ե՛ւ քրդերի իրավունքները: Այս դեպքում ո՞րն է մի համայնքի հաշվին մեկ այլ համայնք ձեւավորելու փորձերի իմաստը: Եւ եթե տպագրվել են ավել գրքեր, նշանակում է՝ կա՛մ պետական գումարներն են անտեղի ծախսվել, կա՛մ էլ այդ գրքերի հեղինակների եւ ֆինանսավորողների նպատակը եզդիներին քրդացնելն է: Չնայած մենք չենք ուզում այդպես մտածել, բայց, ամեն դեպքում, եթե անգամ սա թյուրիմացություն է, պիտի հարթվի»:
Այս հարցի առնչությամբ Եզդիների ազգային միության նախագահի տեղակալ Խդր Հաջոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Կոտայքի մարզի եզդի ազգաբնակչության շրջանում արդեն ստորագրահավաք է իրականացվել` ընդդեմ Արագածոտնի մարզի եզդիական 6 գյուղերում քրդական դասաժամեր անցկացնելուն: Եզդիների ազգային միությունն այս իրավիճակը կապում է տվյալ 6 գյուղերի գյուղապետերի եւ դպրոցի տնօրենների հետ, որոնք քրդացել են եւ փորձում են այնտեղ բնակվող եզդիներին նույնպես քրդացնել:
«Ճարճակիս գյուղի դպրոցի տնօրեն Ալվարդ Մարգարյանի՝ ՀՀ եզդիների ազգային միությանն ուղղված դիմումի համաձայն՝ տեղի դպրոցում սովորում են եզդի երեխաներ, եւ դասավանդվում է եզդիերեն լեզու եւ գրականություն, իսկ մեկ այլ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանին ուղղված դիմումում նույն դպրոցի տնօրենն ասում է այլ բան` հավաստիացնելով, թե այնտեղ միշտ դասավանդվել է քրդերեն, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Հաջոյանը:
Նման գործողությունները, իհարկե, դժվար թե լինեն ինքնաբուխ եւ ենթադրում են ուղղորդում ավելի «վերեւի» կամ դրսի որոշ ուժերի կողմից: Խդր Հաջոյանը տվեց նաեւ այս հարցի բացատրությունը. «Այնտեղ գտնվող քրդական կազմակերպությունները բացառապես ֆինանսավորվում են քրդական բանվորական կուսակցության կողմից եւ փորձում են նաեւ հայաստանաբնակ եզդիներին քրդացնել` իրականացնելով իրենց ցանկությունը: Իրենք նշում են, որ քրդերը քարտեզ են գծել, որով ՀՀ Արագածոտնի մարզը կհամարվի քրդական վարչական տարածք, ինչն աբսուրդ է: Այժմ փորձում են արհեստական ձեւով եզդիներին քրդացնել: Եզդիները հայ ժողովրդի հետ եղել են դարավոր բարեկամներ եւ չունենալով պետականություն՝ իրենց հույսը կապում են ՀՀ իշխանությունների հետ»:
Նշենք, որ չնայած  եզդիների կողմից տեւական ժամանակ բարձրաձայնվող դժգոհությանը, կառավարությունը դեռ որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել. «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ն համապատասխան նամակով դիմել է վարչապետին, ի պատասխան՝  կառավարությունից ասել են, որ արդեն զբաղվում են տվյալ խնդրով, եւ հատուկ գրություն է ուղարկվել ԿԳ նախարարին:
Իսկ եթե այս գործընթացում իրոք խառն է քրդական բանվորական կուսակցության մատը, ապա Հայաստանի համար սա արդեն նաեւ ազգային անվտանգության խնդիր է եւ պատկան մարմինների ուշադրության կարիք ունի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս