ՄԱՀԱՓՈՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնից ահազանգել էին ոստիկանություն եւ հայտնել, որ կրծքավանդակի եւ որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ է գտնվում 41-ամյա Սամվել Սարգսյանը: Ավելի ուշ ոստիկանները պարզել էին, որ Սամվելը Ա. Խաչատրյան փողոցի 11 շենքի բնակիչ է:
Նա գիշերվա ժամը 02:00-ին տուն վերադառնալիս, իրենց շենքի 4-րդ մուտքի դռան հարեւանությամբ նկատելով մոտ 40 տարեկան անծանոթ տղամարդու, ցանկացել է պարզել նրա ինքնությունը: Վերջինս փորձել է փախուստի դիմել, սակայն Սարգսյանը, մուտքի դռան դիմաց բռնելով նրան, վայր է գցել գետնին: Այդ ընթացքում երկրորդ անձը մոտեցել է Սարգսյանին եւ հրազենից կրակոցներ արձակել նրա ուղղությամբ` կրծքավանդակի աջ կեսի, որովայնի եւ աջ բազկի մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ, ինչից հետո երկուսով դիմել են փախուստի:
Ոստիկանությունից հայտնել են, որ հարուցվել է քրգործ` սպանության փորձի եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով:
Իսկ ի՞նչ էին լսել կամ տեսել շրջակայքում ապրող բնակիչները, եւ ի՞նչը կարող էր լինել մահափորձի պատճառ: Թեեւ բնակիչները շատ զգուշավոր էին մեզ հետ զրույցում, շատերն էլ  ոչինչ չէին լսել փողոցի աղմկոտության կամ եվրոպատուհանների առկայության պատճառով, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ հայտնեցին: Նրանք, ովքեր քիչ թե շատ ճանաչում էին տուժողին, ասացին, որ քրեական շրջանակների հետ առնչություն չունի եւ նրա մասին երբեւէ «արտառոց» ինչ-որ բան չեն լսել: Ինչ վերաբերում է միջադեպի շարժառիթներին, մեր զրուցակիցները քիչ հավանական համարեցին, որ մահափորձը կարող է կատարված լինել անձնական թշնամանքի հողի վրա` նշելով, թե «համարձակ տղայա, բայց կոնֆլիկտ սիրող չի»: Փոխարենը չբացառեցին, որ հարձակումը կարող է կապված լինել նրա բուքմեյքերական գործունեության հետ: «Հարձակվողները երեւի մտածել են, որ օրվա վերջում Սամվելը փողերով ա գալիս, դրա համար էլ, իմանալով նրա գալու մոտավոր ժամը, մուտքի մոտ սպասել են»,-նման ենթադրություն արեց տեղի բնակիչներից մեկը` հիշելով Արաբկիրում ավելի վաղ կատարված մեկ այլ դեպք, երբ կրկին շքամուտքի մոտ վաղ առավոտյան հարձակվել էին տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա, սպանել նրան եւ  մոտից հսկայական գումարներ տարել: «Հարձակվողները հաստատ գիտեն, որ էդ մարդկանց մոտ շատ փող կա, դրա համար էլ ժամերով կարող ա հետեւեն, սպասեն ու հարձակվեն: Կարող ա խաղադրույք արած ու կրված մեկն ա արել, բայց ոչ ոք հաստատ բան չի կարա ասի»,-նշեց թաղի բնակիչներից մեկը: Վերջինս հասցրել էր նաեւ ոստիկանության հաղորդագրությանը ծանոթանալ եւ հնարավոր համարեց, որ կրակոցն արձակվել է ատրճանակից:
Հարակից շենքի բնակիչները նաեւ լսել էին, որ նախորդ օրը գողություն է կատարվել նույն շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկում: Զուգադիպություն է, թե ոչ` կրկին դժվարացան ասել, բայց չբացառեցին, որ իրական նպատակը կարող է բոլորովին այլ լինել… ասենք` քաղաքական, իսկ թե կոնկրետ ինչ նկատի ունեին, նրանք բազմանշանակ լռեցին:  

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս