ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՍԱՏԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ Արագածոտնի մարզի որոշ համայնքներում անասունները հիվանդանում են դեղնախտով (լեպտոսպորիոզ) ու սատկում: Մի քանի համայնքապետերից տեղեկացանք, որ այս տարի անասունները դեղնախտի դեմ չեն պատվաստվել, եւ հիմա այս հիվանդության պատվաստանյութը գյուղացիները ձեռք են բերում սեփական միջոցներով:
Գեղադիր համայնքում մի քանի օրվա ընթացքում գրանցվել է կովերի անկում:  «7-8 հատ կով սատկեց, պարզվեց, որ դեղնախտից է: Բայց փոխհատուցում չի լինելու: Նման բան գոյություն չունի: Իսկ սատկած կովերին էլ մարդիկ թաղել են, որ վարակը չտարածվի: 10-15 օր այդ վիճակն էր տիրում գյուղում, բայց մի քանի օր է, ինչ չկա այդ հիվանդությունը»,-մեզ հետ զրույցում ասաց համայնքապետ Գնել Գեւորգյանը: Նրանից տեղեկացանք, որ գյուղացիները սեփական միջոցներով են դեղնախտի դեմ պատվաստումներ արել: «Ամեն տարի պատվաստվում են մեր անասունները, բայց դեղնախտի դեմ չեն պատվաստվել»,-լրացրեց Գեւորգյանը` այնուամենայնիվ հավելելով, որ այժմ համապատասխան մարմինների կողմից ուսումնասիրություններն ու հսկողությունը շարունակվում են:
Իսկ Հնաբերդում սատկած կովերի քանակը հասնում է 12-ի: Այս համայնքում նույնպես կովերը դեղնախտի դեմ չեն պատվաստվել, եւ հիմա այդ գործընթացն իրականացվում է  գյուղացիների հաշվին: «Հիվանդ անասուններին մորթում են: Մի մասը միսը տանում է կենդանաբանական այգի ու 10 հազար դրամով վաճառում: Մարդ կա՝ թափում է այն, մարդ էլ կա` նման ճանապարհով վաճառում: Բայց մորթելուց հետո միսը դեղին-դեղին է: Մի քանի օր է, ինչ էս վիճակն է տիրում»,-հայտնեց Հնաբերդի գյուղապետ Գոռ Հունանյանը: Հնաբերդի եւ Գեղադիրի անասնաբույժ Արշավիր Վետենցյանի կարծիքով՝ անասնատերերը պետք է ժամանակին պատվաստում անեին, որ հիմա նման խնդրի առաջ չկանգնեին. «Հիմա մենք համապատասխան գործողություններ ենք իրականացնում այդ ուղղությամբ»:
Ծաղկահովիտի համայնքապետ Երվանդ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց համայնքում նման խնդիր չկա. «Մեր գյուղում կենդանու անկում դեռ չի գրանցվել, բայց բոլոր անասուններին ստուգել ենք, մնում է մի քանի գլուխ»: Նշենք, որ դեղնախտից անասունների անկում գրանցվել է նաեւ Գեղաձոր համայնքում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Բաբկեն Պիպոյանի ներկայացմամբ՝ դեղնախտը դեղորայքային միջամտությամբ բուժվող հիվանդություն է. «Իսկ եթե չեն հասցնում բուժել, հարկադիր սպանդի են ենթարկում, ապա կենդանուն թաղում են: Այդ հիվանդությունը պարբերաբար գրանցվում է եւ չի պատկանում հատուկ վտանգավոր հիվանդությունների շարքին»: Նա մեզ  վստահեցրեց, որ հիվանդությունը չի փոխանցվում դեղնախտով հիվանդ կենդանու միսը մորթողին եւ ուտողին, այն նույնիսկ երշիկի արտադրամասերում է թույլատրելի օգտագործել` միայն ջերմային մշակմամբ:  
Դեղնախտի դեմ պատվաստանյութի վերաբերյալ զրուցեցինք ՀՀ ԳՆ «Անասնաբուժասանիտարիայի սննդամթերքի անվտանգության եւ բուժասանիտարիայի ծառայությունների մատուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանի հետ: «Պետությունը նման միջոցառումների որոշակի պարտադիր ցանկ ունի: Այս տարի այդ միջոցառումների ծրագրում դեղնախտի դեմ պատվաստանյութ ներառված չի եղել: Բայց ինչքանով տեղյակ եմ, 2013-ին որոշ չափաբաժին ընդգրկվելու է»,-նշեց Ավագյանը:
Տեղեկացնենք, որ դեղնախտը բնորոշվում է խիստ արտահայտված դեղնությամբ, արյունամիզությամբ, փորկապով, մաշկի մեռուկային երեւույթներով եւ հյուծվածությամբ: Կենդանիները հաճախ վարակվում են ինֆեկցիայի առաջնային աղբյուրի արտաթորություններով վարակված ջրերից: Վարակվում են նաեւ ալիմենտար ճանապարհով, մաշկի եւ լորձաթաղանթի միջոցով: Գաղտնի շրջանը 2-20 օր է: Ընթանում է շանթահար, սուր, ենթասուր եւ խրոնիկական ձեւերով: Կենդանին ընկճված է կամ անհանգիստ:  Կասկածելիներին պատվաստում են շիճուկով, իսկ 7 օր հետո ակտիվ իմունացնում: Պայմանական առողջ խմբի կենդանիներին վակցինացնում են 2 անգամ 7 օր ընդմիջումով:  Անապահով հոտերի համար առանձնացնում են մեկուսացված արոտավայրեր եւ ջրելատեղեր: Հիվանդության սուր ընթացքի, ինչպես եւ կենդանիների հյուծվածության ու դեղնության դեպքում արգելում են հիվանդների սպանդը: Ընդհանուր ջրելատեղերը քլորացնում են, իսկ դույլերով ջրելու դեպքում ավելացնում են 0,1% աղաթթու: Սահմանափակումները վերացնում են վերջին հիվանդի հայտնաբերումից 30 օր հետո: Առողջացած կենդանիներին ապահով տնտեսություններ փոխադրել չի թույլատրվում մինչեւ լեպտոսպիրակրության վերջը, եթե նրանք չեն բուժվել սինթոմիցինով կամ ստրեպտոմիցինով: Մինչեւ մեկ տարեկան տավարին վակցինան տալիս են առաջին անգամ 3-5,  երկրորդ անգամ` 5-7 մլ չափաբաժնով, մինչեւ 2 տարեկաններին` 6-10 մլ, իսկ դրանից մեծերին` 10-15 մլ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս