ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿԸ
«Չինուհին, որը գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաբարձրահասակ, մահացել է գլխուղեղի քաղցկեղից 40 տարեկանում»,-գրում է Lifenews-ը: Կինն ի ծնե ունեցել է գիգանտիզմ հիվանդություն: 15 տարեկանում կնոջ հասակը հասել է 2 մետրի: Բժշկական հետազոտությունից հետո նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք, որն էլ ճնշել է ուղեղի այն մասը, որը պատասխանատու է հասակի համար, եւ այն տարեկան 5 սմ ավելացել է: Ուռուցքը հեռացնելուց մեկ տարի հետո այն կրկին առաջացել է:
ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԻՆԸ
Ամերիկյան Ջորջիա նահանգում 116 տարեկանում կյանքից հեռացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհի Բեսս Կուպերը: Նա՝ որպես ամենատարեց բնակչուհի, 2011-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այժմ մոլորակի ամենատարեց բնակչուհին է դարձել իտալական ծագմամբ 115-ամյա ամերիկուհի Դինա Մանֆրեդինին: Մոլորակի ամենատարեց տղամարդը ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է, որը փոքր է Մանֆրեդինիից 2 շաբաթով:
54 ԵՂԵՎՆԻ
«ԱՄՆ Սպիտակ տունը Սուրբ Ծննդյան տոնին կզարդարի 54 եղեւնի՝ կրկնակի ավելի անցած տարվա համեմատ»,-հայտնում է Gazeta-ն: Նախագահական նստավայրի զարդարանքով ավանդաբար զբաղվում է ԱՄՆ առաջին տիկինը: Միշել Օբաման հայտարարել է, որ այս տարվա տոների թեման կլինի «Ուրախություն բոլորի համար», բացի այդ, նշել է, որ եղեւնիների մեծ մասը զարդարված կլինի նստավայրի նախկին տիրուհիների ընտրած թեմաներով:
GREEN CARD-Ը ՉԻ ԽԱՂԱՐԿՎԻ
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը կողմ է քվեարկել ամենամյա վիճակախաղ Green Card արտոնագրի վերացմանը: Ներգաղթի վիզաները, որոնք նախկինում բաժանվում էին վիճակախաղի մասնակիցների միջեւ, կտրամադրվեն արտասահմանցի ուսանողներին, որոնք ԱՄՆ-ում կստանան բակալավրի աստիճան բնական, ճշգրիտ եւ տեխնիկական գիտությունների ոլորտում: