Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին, որին ուղեկցել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան – Միացյալ Թագավորություն և Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը ներկայացրել է համագործակցության զարգացման իր տեսլականը` ակնկալելով համագործակցության դինամիկ զարգացում:
Բրիտանական կողմը նշել է, որ երկկողմ և բազմակող ձևաչափերով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ինչպես առկա ծրագրերի, այնպես էլ նոր նախաձեռնությունների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: