ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բարեկամուհիներիցս մեկն իր բնակարանն օրհնելու նպատակով պարբերաբար քահանայի է հրավիրում տուն: Ի՞նչ հաճախականությամբ կարելի է հրավիրել քահանային՝  տունն օրհնելու, ո՞րն է այդ արարողության իմաստը, եւ արդյոք վճարովի է:

Կարինե Բարսեղյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Քրիստոնյայի տունը տարեկան 2 անգամ հարկ է օրհնել՝ Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներին հաջորդող ժամանակահատվածներում: Տունն օրհնվում է, երբ այն նորակառույց է: Քրիստոնյայի տունն օրհնվում է, երբ անհասկանալի բաներ են տեղի ունենում, վիճաբանություններ, երբ խաղաղությունը տան մեջ կարիք ունի վերահաստատվելու: Բոլոր այս պարագաներում հրավիրում են հոգեւորականի՝ տունն օրհնելու համար: Տնօրհնեքի արարողություն կատարվում է ոչ միայն բնակարաններում, այլեւ գրասենյակներում, արտադրություններում: Այսինքն՝ բոլոր այն տեղերում, ուր մարդն ապրում է, աշխատում է, շփվում է մարդկանց հետ՝ բնականաբար, բացառելով խաղատներն ու նմանօրինակ վայրերը: Տնօրհնեքն իրենից ներկայացնում է աղոթք, օրհնություն, որով Բարձրյալից հայցվում է խաղաղություն հավատացյալների հոգիներից ներս, որով նրանք հեռու կմնան չարի հարձակումներից: «Եթե Տերը տունը չլինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպաշտպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմոս 126:1):
Ինչ վերաբերում է վճարելուն, ապա ասեմ, որ ցանկացած արարողություն կատարվում է ոչ թե դրամի դիմաց, քանի որ աղոթքն անգին է, եւ որեւիցե  դրամ չի կարող արժեւորել այն, այլ այդ նվիրատվությունը սրտի հոժար ընծան է հոգեւորականին, որը որեւէ աշխատավարձ չի ստանում դարեր ի վեր եկեղեցում հաստատված ավանդությամբ: Ժողովուրդն է հոգում իր հոգեւորականի բարեկեցությունը:

Օրհնությամբ` տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքրական է, որ տնօրհնեքի արարողությունը բացառվում է խաղատներում եւ նմանօրինակ վայրերում: Այդ վայրերի թվում արդյոք նաեւ ռեստորաններն են, որոնցում նույնպես, մանավանդ վերջերս, այնքան շատ են «անհասկանալի բաներն ու վիճաբանությունները». ինչո՞վ կարող է նման դեպքերում օգնել քահանան, նրա լռությունն արդարացվա՞ծ է:




Լրահոս