ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ երբ կգործարկվի Երեւանի Ավան թաղամասը Չարենց փողոցի հետ կապող խոստացված երթուղին: Եղած երթուղիներն անցնում են Խանջյան փողոցով, ինչը ուսանողներիս համար համալսարանական մասնաշենքեր հասնելու զգալի դժվարություններ է առաջացնում, ուշացումների պատճառ դառնում. առանց այն էլ խցանումների մեջ չհայտնվելու պատճառով ստիպված ենք լինում տնից շատ վաղ դուրս գալ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ սույն թվականի նոյեմբերի 26-ից սպասարկում է ներքաղաքային ավտոբուսային հ. 20 երթուղին (Ավան-Հանրապետական մարզադաշտ), որի ուղեգծում ընդգրկված է նաեւ Չարենցի փողոցը: Այն փոխարինում է միկրոավտոբուսային հ. 61 երթուղուն:
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցին այսպես օպերատիվ լուծում տալու՝ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախաձեռնությունն իհարկե ողջունելի է, բայց, ցավոք, ինչպես մեզ հետ լրացուցիչ զրույցում նշեց մեր ընթերցող Կարինե Վարդանյանը, ինքն ու իր ուսանող ընկերներն Ավան-Առինջի բնակիչ են ու չեն օգտվում թիվ 20 ավտոբուսից, քանի որ այդ երթուղին չի անցնում իրենց թաղամասերին հարող Բաբաջանյան փողոցով: Ընթերցողը մեզ հայտնեց, որ դեռեւս անցած տարի՝ ֆեյսբուքյան քննարկումների ժամանակ, տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը խոստացել էր, որ առաջիկա տարվա ընթացքում փոփոխության է ենթարկվելու թիվ 17 ավտոբուսային երթուղին` երկկողմանիորեն ներառելով նաեւ Չարենցի փողոցը. ահա այդ փոփոխությանն են անհամբեր սպասում նրանք: