Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 30-ին արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք` 5 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են Վանաձորի Աճարյան 5/1 և Սասունցիների 2-րդ փողոց, 3-րդ տուն հասցեներում` թունավորվածների կողմից հավաքված սունկը սննդում օգտագործելու հետևանքով: Տուժածները հոսպիտալացվել են «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ, այնուհետև նրանցից մեկը տեղափոխվել է Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ներկայումս տուժածներից 3-ը դուրս է գրվել, 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ այն օգտագործելուց հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում, ջերմություն, ստամոքսի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
- Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ
- Չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի
- Սննդում չօգտագործել հում սունկ
- Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
- Չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի։
- Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
- Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը: