Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կարող է երկիրը վերջնականապես հասցնել կործանման եզրին: Բանն այն է, որ նրա իշխանության այս տարիների ընթացքում ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում, ընդ որում, ստեղծված իրավիճակի մասին ահազանգում է անգամ պաշտոնական վիճակագրությունը:
Առավել մտահոգիչը երկրի ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական վիճակն է, որը ոչ միայն չի բարելավվում, այլեւ գնալով ավելի է վատթարանում: Օրինակ, վերջերս ԱՎԾ-ն հրապարակեց աղքատության ցուցանիշները, որոնց համաձայն՝ ՀՀ-ում աղքատության ցուցանիշը կազմում է 35 տոկոս: Ավելացել է հատկապես ծայրահեղ աղքատների թիվը՝ հասնելով 3,7 տոկոսի: Վերջին ամիսներին կրկին գրանցվել է գնաճ:
Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ առավել մտահոգիչ վիճակ է ժողովրդագրական առումով. գնալով նվազում է ծնելիության թիվը, հետեւաբար նաեւ բնական աճի ցուցանիշը: Փոխարենը ավելանում են արտագաղթի ծավալները: Իսկ մշտական բնակչության թիվը, նախորդ տարի անցկացված մարդահամարի արդյունքներով, նվազել է՝ հասնելով 2,8 մլն-ի: Այս ցուցանիշները կարելի է անվերջ թվարկել:
Ցանկացած նորմալ երկրում եթե նման պատկեր գրանցվեր, իշխանություններն առնվազն կառավարության ղեկավարի գլխավորությամբ հրաժարական կտային, ինչպես դա եղավ եվրոպական մի շարք պետություններում՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամի ժամանակ: Բայց Հայաստանում վիճակն այլ է. իշխանությունները ոչ միայն մտադիր չեն հրաժարական ներկայացնել, այլեւ անում են ամեն ինչ վերարտադրվելու նպատակով: Ավելին, պարզվում է՝ իշխանությունները խոստանում են առաջիկայում շարունակել նույն տեմպերով:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ “Ժողովուրդ”-ը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց՝ ճիշտ չէր լինի արդյոք, եթե վարչապետն իր գլխավորած կառավարության հետ միասին հրաժարական ներկայացներ, իսկ Սերժ Սարգսյանն էլ նախագահի ընտրություններում չառաջադրեր իր թեկնածությունը, քանի որ այս բոլոր բացասական ցուցանիշները գրանցվել են հենց իրենց պաշտոնավարման ժամանակ: Բնականաբար, Տ. Սարգսյանն առարկեց: “Ուզում եմ ասել, որ համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ: Խորհուրդ կտայի հիշատակել ոչ միայն այն ցուցանիշները, որոնք արձանագրում են վատթարացում, այլեւ այն ցուցանիշները, որոնք արձանագրում են առաջընթաց, որպեսզի լինեք օբյեկտիվ: Այդ պարագայում կարող եք գտնել պատճառներ, թե ինչու մեր քաղաքական թիմը պետք է շարունակի այս ծրագրի իրականացումը: Այն, որ մեր կյանքում կան բազմաթիվ թերություններ, բացթողումներ, մենք ինքներս ենք խոսում բացթողումների, թերությունների մասին եւ հասարակությունից այդ առումով ոչինչ չենք թաքցնում”,-իր հերթապահ նախադասությունները կրկնեց վարչապետը:
Իհարկե, Տ. Սարգսյանը միանգամայն արդարացի է, երբ կոչ է անում հրապարակել նաեւ առաջընթացի մասին փաստող ցուցանիշները: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ում գրանցվել է նաեւ տնտեսական աճ, տնտեսական ակտիվություն եւ այլն: Միայն թե, անհասկանալի է՝ ինչպես կարող է տնտեսական աճի պայմաններում երկրում ավելանա ծայրահեղ աղքատների թիվը, թերսնվածների թիվը, արտագաղթողների թիվը եւ այսպես շարունակ: Այս ֆենոմենը դեռ չի գտել իր բացատրությունը: Ավելի ճիշտ՝ բացատրությունը մեկն է՝ տնտեսական աճի ցուցանիշները թվանկարչության արդյունք են: Գոնե մասամբ, որովհետեւ Հայաստանում, այնուամենայնիվ, կան ընտանիքներ, որոնց եկամուտներն այս ընթացքում աճել են:
Օրինակ՝ Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի ունեցվածքը, դրամական եկամուտները սրընթաց աճել են. 2007-ին նրա բանկային հաշվին եղել է 58 միլիոն, իսկ 2012-ի մարտի 1-ին` 105 մլն 600 հազար դրամ, աճը կազմել 147 միլիոն 600 հազար դրամ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եկամուտները եւս աճել են. 2007թ. նա բանկում ունեցել է 55 մլն դրամ եւ 1 մլն 830 հազար դոլար, այնինչ՝ 2012-ի մարտի 1-ի դրությամբ Աբրահամյանի բանկային հաշիվներին եղել է 290 մլն դրամ ու 2 մլն 50 հազար դոլար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս հետ չի մնացել ունեցվածքի հարցում. նա 2009-ին ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար 116 դոլար: Իսկ 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 870 հազար դոլար եւ 35 մլն դրամ:
Իհարկե, վարչապետը միանգամայն ճիշտ է, երբ խորհուրդ է տալիս հրապարակել ոչ միայն բացասական, այլեւ առաջընթաց արձանագրող ցուցանիշները: Ահա թե ինչպիսի առաջընթաց են իրենք ապահովել պաշտոնավարման ընթացքում: Ահա թե ինչու նրանք հրաժարական չեն տալիս: Ահա թե ինչ ծրագրեր է խոստանում իրականացնել ՀՀԿ-ն, երբ վարչապետն ասում է. “Մեր քաղաքական թիմը պետք է շարունակի այս ծրագրի իրականացումը”:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ