“Աշտարակ կաթ” ընկերության սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խարդախության հատկանիշներով: Ընկերության նախկին աշխատակից, իրավաբան Հայկ Հակոբյանը մեղադրում է Ափոյանին իր սեփականությանը խաբեությամբ տիրանալու մեջ: Նրա համոզմամբ` “նախկին օլիգարխը ամեն գնով փորձում է ցեխաջրից մաքուր դուրս գալ”, եւ իր համար “դժվար կլինի պայքարել մեկի դեմ, ում գրպանները լիքն են, իսկ ձեռքերը` երկար, ինքն էլ աղանդավոր է` մկրտված անձամբ “Կյանքի խոսք” աղանդավորական եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանի կողմից”:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից երկար քաշքշուկներից հետո քրգործ է հարուցվել “Աշտարակ կաթ”-ի սեփականատեր Աշոտ Ափոյանի նկատմամբ: Այդ մասին “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց ընկերության նախկին իրավախորհրդատու Հայկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ վերջինս Ա. Ափոյանին մեղադրում է իր գույքին խաբեությամբ ապօրինի տիրանալու մեջ: Ըստ Հակոբյանի՝ Ափոյանը եւ նրա կինը՝ Ռիտա Կարապետյանը, համոզել են իրեն, որ մոր բուժման նպատակով չվաճառի Երեւանում գտնվող խանութը եւ Արագածոտնի մարզի 100 հա գյուղնշանակության հողերը, այլ դրանք նվիրաբերի “Աշտարակ կաթ” ՓԲԸ-ին` փոխարենը խոստանալով կազմակերպել Հայկի վատառողջ մոր՝ արտերկրում բուժման հարցը: Սակայն ստանալով նվիրատվությամբ վավերացված հողատարածքները՝ մոռացել են խոստման մասին: Իսկ Հակոբյանի մայրը, բուժում չստանալով, մահացել է: Ափոյանն էլ, դրա շուրջ խոսելով “Ժողովուրդ”-ի հետ, արդարացել էր, թե իբր ինքը Հակոբյանի մոր բուժման համար մեծ գումար է տրամադրել, սակայն որդին այն նպատակին չի ծառայեցրել. “Հայկն իրավական եւ բարոյական իրավունք չունի ինձնից բան պահանջելու: Մնացածը դատարանում կլսեք”:
Իսկ հայրենի դատարաններում էլ երկար ժամանակ մերժում էին Հ. Հակոբյանի հայցը` պատճառաբանելով, թե գործի հարուցման համար հիմնավոր հանցանշաններ չկան:
“Նախկին օլիգարխն ամեն գնով փորձում է ցեխաջրից մաքուր դուրս գալ, սակայն աղանդավորը մոռացել է, որ ուրիշի գույքին ապօրինի տիրանալը մեղք է, բոլորն էլ մեղքեր գործում են, սակայն ներվում են նրանք, ովքեր ապաշխարում են”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց Հակոբյանը: Նա նաեւ հայտարարեց, որ “Աշոտ Ափոյանը “Կյանքի խոսք” աղանդավորական եկեղեցու հետեւորդ էե: Հակոբյանը վստահեցնում է, որ ինքը ներկա է եղել գործարարի մկրտությանը, որը կատարել է անձամբ այդ աղանդի հայաստանյան առաջնորդ Արթուր Սիմոնյանը:
“Ափոյանը աղանդավոր է, ես սա հաստատ եմ ասում: Նրա ակտիվ ջանքերով ես եւ իմ ընտանիքը մի ամբողջ տարի հաճախել ենք “Կյանքի խոսք” եկեղեցու քարոզներին: Ես չեմ վախենում դրա մասին բարձրաձայնե”,-ասաց նախկին իրավախորհրդատուն:
“Ժողովուրդ”-ը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, փորձեց Ափոյանից ճշտել, թե որքանով են այս տեղեկությունները հավաստի, սակայն նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց: Հակոբյանը նշեց, որ թեեւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է անարդար վճիռ` քաղաքացիական հայցը մերժելով, սակայն ինքը վերադաս ատյանների արդարադատությանը վստահում է: Ըստ տարածված լուրերի՝ Հակոբյանը “Աշտարակ կաթ”-ի կլանից միակը տուժողը չէ:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ