Կառավարության նիստում այսօր քննարկման դրվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը, որով նախատեսվում է օրենք ընդունել, որով ՀՀ քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրական իրավունքն իրականացնել նաև նույնականացման քարտի միջոցով:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության նիստում նշեց, թե այս առաջարկի մասով առարկություն չունեն, նախագծում կա ևս մեկ կետ, որով պատգամավորն առաջարկում է նույնականացման պլաստիկ քարտում քաղաքացու ընտրություն կատարելու հանգամանքը փաստող էլեկտրոնային նշում կատարելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնել համապատասխան նշում կատարող սարք:
Նախարարը նշեց, թե այս մասով մի շարք խնդիրներ են առկա: «Ողջունելի համարելով նպատակը, այնուամենայնիվ, գտնում ենք, որ նախագիծը թերի է և այս տեսքսվ ընդունելի չէ », – հավելեց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե այս նախագիծը և առկա խնդիրները քննարկվել են նախագծի հեղինակի հետ, ինչին ի պատասխան նախարարը բացասական պատասխան տվեց: Վարչապետն էլ նշեց, թե անպայման է հեղինակի հետ քննարկումներ կազմակերպելը: