Սևանի հիվանդանոցն ու պոլիկլինիկան կմիավորվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Սևանի հիվանդանոց» և «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլել` ստեղծելով «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Սևան քաղաքի առողջապահական համակարգը արդիականացնելու և ծառայությունների մատուցման մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

«Նկատի ունենալով այն, որ Սևանի հիվանդանոցի մասնաշենքերը ներկայումս տեղակայված են բնակչության համար անհասանելի վայրում՝ մայրուղու հարևանությամբ, որոնցից մեկը ընդհանրապես չի շահագործվում, նոր ստեղծված հիվանդանոցի հարևանությամբ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցներով կկառուցվի հիվանդանոցային նոր մասնաշենք։ Իսկ ազատվող տարածքները կտրամադրվեն Սևան հոգեբուժական հիվանդանոցին, ընկերության աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու համար»,-նշեց Արմեն Մուրադյանը։

Մուրադյանը տեղեկացրեց, որ ներկայումս ընթանում է գնահատման փուլը, հինգ ամիս կտևեն նախագծային աշխատանքները, իսկ շինարարությունները կսկսվեն 2016 թվականի սկզբին ու կտևեն շուրջ երկու տարի։




Լրահոս