ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը համեստ աշխատավարձով, բայց բավական ունեւոր կյանք է վարում: Նրա դրամական միջոցները 2014 թվականի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 35 մլն դրամ եւ 95 հազար դոլար: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 5 մլն 471 հազար դրամ:
Սակայն առավել ուշագրավ են նրա որդիների հայտարարագրերը: Բաղդասարյանի մի որդին՝ Սերգեյը, նախորդ տարվա սկզբին ունեցել է «Toyota Land Cruiser Prado V6 4.0» մակնիշի մեքենա, որը 19 մլն դրամով օտարել է: Բայց 20 մլն դրամով գնել է «Toyota Land Cruiser 200 4.7» մակնիշի ավտոմեքենա:
Մյուս որդին` Մելսիկ Բաղդասարյանը, անցած տարվա ընթացքում 10 մլն-ական դրամ արժեքով ձեռք է բերել «Hummer H3» եւ «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենաներ: Սակայն նույն տարվա ընթացքում երկու ավտոմեքենաներն էլ օտարել է: Նկատենք, որ ըստ Բաղդասարյանի որդիների հայտարարագրերի՝ նրանք դրամական միջոցներ չեն ունեցել, ուստի անհայտ է, թե ինչ գումարների հաշվին են նրանք ավտոմեքենաներ գնել եւ վաճառել: Ի դեպ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արթուր Բաղդասարյանի որդիները ավտոմեքենաների առուվաճառքով են զբաղվում: