«Հրազդան» տոնավաճառի կեսը Ծառուկյան Գագոն տարավ, մյուս կեսն էլ հարկայինը. Աշոտ Աղաբաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկ է ճանաչվել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ ՊԵԿ-ի շնորհիվ:

Ըստ պատգամավորի՝ նրանք են նպաստել այդ գործընթացին:

-Պարո՛ն Աղաբաբյան, արդեն մի քանի օր է՝ Դուք Բաղրամյան պողոտա եք գնում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարների հետ զրուցելու համար: Ինչո՞ւ որոշեցիք միանալ նրանց, ինչպե՞ս եք տեսնում հարցի հանգուցալուծումը:

-Ես ընդամենը դիտորդ եմ այնտեղ, մասնակից չեմ: Իմ կարծիքով պահանջը շատ բնական է եւ ճիշտ, ոչ թե 7 դրամի մասին է խոսքը, այլ դա կանգնացնել է պետք, ախորժակը փակել է պետք, որպեսզի ամեն տարի ինչ-որ մի մասնավոր ֆիրմա ՀՀ-ում նման բան չանի: Բնականաբար, այդ ակցիան համարում եմ ճիշտ, բայց ակցիան պետք է ունենա իրագործելու ճիշտ ձեւերն ու մեթոդները, պետք չի այդ ակցիային խառնել որեւիցէ մի բան, պետք չի քաղաքականացնել: Խնդիրը սոցիալական է ու մեր բոլորի արդարացի պահանջն է, որպեսզի, ի վերջո… հասկացանք՝ ռուսական ֆիրմա եք, ինչ եք, ձեր համար եք, մի՛ էկեք էստեղ… դա էներգետիկ համակարգ է, դա կոմունիկացիա է ու դա չի կարող վնասով աշխատել, պետք է միշտ եկամուտ ունենա: Ինչպես կարելի է ամեն տարի ժողովրդի հաշվին եկամուտ ավելացնել, տենց չի լինում: Իսկ հարեւան երկրներին էժան էներգիա են վաճառում: Դրա համար մեր երկրի նախագահը որոշում է կայացրել աուդիտ անել ու պարզաբանել, թե այդ չարաշահումները որտեղից են գալիս: Ժողովուրդն էլ պետք է նախագահին լսի ու հավատա: Պետք չի այն քաղաքականցնել, ամերիկա-ուկրաինական Մայդան դարձնել եւ այլն: Սա շատ սովորական պահանջ է, որը ես կհամարեի, որ մեր առողջ երիտասարդները, որոնք Մովսես Գյորգիսյանի ասած՝ մեր վաղվա Հայաստանն են…. այդ մարդիկ շատ ինտելեկտուալ, շատ կազմակերպված, սիրուն ակցիա են իրականացնում: Շատ հազվադեպ է պատահում այսքան դաստիարակված, այսքան անսահման մեծ սեր ու հարգանք վայելող երիտասարդություն, ինչիպիսին մերն է:

-ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւս Բաղրամյան պողոտա էր եկել՝ ակտիվիստների հետ զրուցելու համար, սակայն նրան դիմավորեցին ու ճանապարհեցին հայհոյանքներով՝ նշելով, թե իշխանության ներկայացուցիչների հետ իրենք որեւէ բան չունեն խոսելու: Դուք եւս իշխանական կուսակցության ներկայացուցիչ եք, ինչպե՞ս է ստացվում, որ նույն դիմադրությանը չեք արժանանում:

-Ես հասկանում եմ, թե իրենք ինչի համար են կանգնել, Աշոտյանն էլ է երեւի փորձել այդ նույն բանն ասել, ուղղակի չեն ընդունել: Չգիտեմ, միգուցե դա անձի հետ է կապված, կամ չգիտեմ՝ ինչի հետ է կապված, նա էլ է նույն բանն ուզեցել ասի, որ մենք էլ ենք կողմ, որովհետեւ նման խնդիրներ ու նման հարցեր կան: Եթե Աշոտյանին չսիրողներ կան ու հարձակվեցին այդ խեղճ տղայի վրա, ես ինչ ասեմ:

-Տեսակետ կա, որ Դուք վերջին ժամանակահատվածում ընդդիմադիր կեցվածք եք ընդունել, քանի որ իշխանությունները Ձեզ պատկանող ընկերությունները խոշոր տուգանքների են ենթարկում: Արդյո՞ք դա կապ ունի Ձեր` Բաղրամյան պողոտա այցելելու հետ:

-Ես ընդդիմադիր կեցվածք երբեք չեմ ընդունել ու իշխանություններն իմ հետեւից ընկած չեն: Ուղղակի հասարակ ստուգումներ են, որոնց արդյունքում տուգանքներ են նշանակվել, մենք էլ կարող ենք սխալվել, հարկայինն էլ, ինչ է եղել, այդ ամենն էլ կպարզաբանվի: Այնպես որ դա որեւէ կապ չունի, ես միշտ էլ արդարության կողմնակից եմ եղել ու միշտ էլ անկեղծ եմ վերաբերվել այդ հարցերին, ես խնդիր կամ պրոբլեմ չունեմ, որ ընդդիմություն լինեմ: Երկրորդն էլ՝ եթե կուսակցության մեջ կա չարն ու բարին, լավն ու վատը, այդ ամեն ինչը կարելի է պարզաբանել, որը ոչ մի բանի չի խանգարելու:

-Դուք այս ժամանակահատվածում պարտքեր եք կուտակել, ըստ մեր տեղեկությունների՝ 180 հազար դրամ եք պարտք նաեւ «Պրեսս Ատտաշե» կազմակերպությանը: Ի՞նչ պարտքեր եք կուտակել ու ինչո՞ւ դրանք չեք վճարում:

-«Հրազդան» ստադիոնը ինքը հարկային տեսչության ստուգումների արդյունքում հայտնվեց ֆինանսական փակուղու մեջ: Առավել եւս Ծառուկյան Գագիկի հայտարարությունը, թե ես ձեզ ձրի տեղ կտամ, մարդկանց խաբեց, տարավ իրա մոտ, մենք ընկանք մեծ ճգնաժամի մեջ, ու մեր հաշիվների վրա կալանք դրվեց, որովհետեւ մենք չկարողացանք մեր ֆինանսական պարտավորությունները կատարել: Բնականաբար, մենք 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք կարողանում տալ, եւ մեր աշխատակիցները բողոքել են դատարան, մենք ընկել ենք ցայտնոտի մեջ…. ոչ թե վտանգավոր, այլ նորմալ իրավիճակի մեջ էինք… մենք էլ դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի: Մենք սնանկ ենք ճանաչվել ինչի համար, որովհետեւ երբ հաշիվների վրա կալանք դրվեց, մենք շատ պարտատերեր ունենք, որոնք վճարները չեն տվել: Սնանկ ճանաչվելու որոշումը եղել է, բայց մենք առողջացման ծրագիր ենք ներկայացնելու, որպեսզի կարողանանք մեր հաշիվները կալանքից դուրս հանել եւ մեր պարտավորությունները կատարել: Ստադիոնը սնանկ է ճանաչվել, որովհետեւ տոնավաճառն էր այդ մեծ կառույցը սպասարկում, տոնավաճառն էլ` կեսը Ծառուկյան Գագոն տարավ, մյուս կեսն էլ հարկայինը տարավ, «Հրազդան» ստադիոնին սնանկացրեցին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս