ՀՀ Լոռու մարզի Ապավեն գյուղի բնակիչները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. այստեղ հունիսի 17-ին տեղացած ուժգին կարկուտի պատճառով նրանք մեծ վնասներ են կրել: Նրանց հեկտարներով խոտհարքներն ամբողջովին վնասվել են, իսկ դրանով նրանք իրենց անասուններին են կերակրում: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ապավենի գյուղապետ Հովհաննես Խաչատուրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատուրյան, օրեր առաջ Ձեր գյուղում ուժգին կարկուտ է տեղացել: Որքա՞ն են կազմում բնակիչների կրած վնասները:
-Երեք օրվա մեջ երկու անգամ գյուղը կարկտահարվեց, 100 տոկոսով վնաս ենք կրել: Հիմա բնակիչներն այդ խնդրով են տարված: Վնասվել են ոչ միայն տնամերձ այգիները, այլեւ խոտհարքը: Իսկ դա էլ իրենց միակ հիմնական միջոցն է անասուններին կերակրելու: Թե չէ անասնակերը շատ թանկ է: Խոտը բավականին աճել էր ու բարձրացել, տեղացած կարկուտի պատճառով հիմա լրիվ գետնին հավասար է դարձել. նեխել է, բորբոսնել: Բացի այս, մոտ 15 տան տանիք է կոտրվել: Մարզպետարանում տեղյակ են, վնասներն արդեն հաշվարկվել են: Մենք էլ սպասում ենք:
-Իսկ էլէներգիայի սակագնի թանկացումն ինչպե՞ս են ընդունում գյուղաբնակները:
-Կարկուտը մի կողմից, էլէներգիայի թանկացումը՝ մյուս կողմից: Առանց այն էլ ծանր վիճակն էլ ավելի ծանրացրեց:
-Այսինքն՝ արդեն հաշտվե՞լ են էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 7 դրամ թանկացման հետ:
-Համաձայն չեն, դժգոհում են, որովհետեւ այսպես թե այնպես մարդիկ լավ չեն ապրում: Եւ մի փոքր թանկացումն էլ ազդում է իրենց գրպանի վրա: Պարզ ճշմարտություն է, որ այսօր բոլորս էլ առանց էլէներգիայի չենք կարող ապրել: Կոնկրետ մեր գյուղը գազաֆիկացված չէ, եւ մենք սպառում ենք միայն էլէներգիա:
-Ի՞նչ են պատրաստվում անել ապավենցիները:
-Ոչ մի բան, ի՞նչ կարող են անել: Երեւանում կարգերն այլ են, գյուղերում՝ այլ: Մենք լուռ համակերպվում ենք էլէներգիայի թանկացման հետ: Եւ, ընդհանրապես, մենք լռությամբ ենք կուլ տալիս թանկացումները: Տեսնենք, թե այսպես մինչեւ ուր կհասնեն: Եթե հնարավորություն ունենային, հաստատ կմիանային Երեւանում պայքարող քաղաքացիներին: Այստեղ մարդիկ ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, օրեցօր մի բան թանկանում է, մի խնդրին հետեւում է մեկ այլ խնդիր եւ այդպես շարունակ: Մարդիկ արդեն խելագարվում են խնդիրների մեջ: Հիմա էլ գյուղացիները սկսել են մտածել ձմռան ամիսների համար փայտ հավաքելու մասին:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ