Գյուղացիներն իրենց միջոցներով են ծիրան արտահանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում ծիրանի բերքահավաքը սկսվել է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ ծիրանի արտահանման տվյալներն օր օրի ավելանում են: Սրան զուգահեռ շատերը պնդում են, որ այս ընթացքում արտահանվում է որակյալ եւ համեմատաբար թանկ արժեք ունեցող ծիրանը, իսկ ներքին շուկան ողողված է ավելի շատ խալավոր ու անորակ, ճխլված ծիրանով:

Ըստ գյուղատնտեսության նախարարության՝ այս տարվա ընթացքում Հայաստանից արդեն արտահանվել է 34 հազար 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 հազար 963 տոննայի դիմաց: Իսկ, ահա, նախօրեին Հայաստանից արտահանվել է 9 հազար 656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Նշենք, որ հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Նորվեգիա, Ավստրիա եւ Շվեյցարիա: Ի դեպ, հունիսի 26-ից սկսել են ծիրան մթերել նաեւ պահածոների գործարանները՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն, «Եվրոթերմ» ՓԲԸ-ն, «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն:

Ծիրանի բերքահավաքի թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Արարատի մարզի Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է գյուղում: Պարզվեց, որ գյուղի բնակիչներն իրենք իրենց ուժերով են ծիրանն իրացնում ու արտահանում: Վերջինս ասաց. «Ծիրանը համարյա մթերել, վերջացրել ենք: Գյուղի բնակչության 90 տոկոսն արդեն վաճառել է: Մի քանի հարեւան հավաքվել են, մի ֆուռ են պատվիրել եւ իրենց ապրանքը արտահանել են դեպի Ռուսաստանի Դաշնություն: Իրենք իրենց միջոցներով են դա կազմակերպել»:

Իսկ, ահա, Արմավիրի մարզի Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը նշեց, որ իրենց գյուղում դեռ ծիրան կա, եւ մարդիկ շարունակում են այն հավաքել: «Գյուղացիները ե՛ւ ֆուռերով են արտահանում, ե՛ւ ներքին շուկայում են իրացնում:

Բացի այս՝ Վրաստանից են գալիս ու տանում: Գյուղացիները հիմա մտածում են, թե ինչպես ծիրանը փող սարքեն ու իրենց խնդիրները լուծեն»,- լրացրեց գյուղապետ Մարգարյանը: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ ինքնաթիռով ծիրան ուղարկելու դեպքում գյուղացիները մեկ կիլոգրամը վաճառում են 700 դրամով, ֆուռերով տեղափոխողներին՝ 200-400 դրամով: Իսկ, ահա, պահածոների գործարանները օրեր առաջ ծիրանի 1 կիլոգրամն ընդունում էին 250 դրամով, իսկ հիմա՝ 150 դրամ է, որն էլ, իհարկե, մի երկու օրից նորից կէժանանա ու կդառնա 50 դրամ:

Իհարկե, կասկած չունենք, որ ծիրանի առատ բերքը պաշտոնական վիճակագիրներն օգտագործելու են, որպեսզի ապագայում գյուղմթերքի երկնիշանի մեծ աճ արձանագրեն, իսկ դափնիները կշնորհեն գյուղատնտեսության նախարարությանն ու Կառավարությանը, կարծես թե իրենք են բնության բարեհաճությունն ապահովել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս