«Քանի դեռ Հայաստանը ԵՏՄ անդամ է, թե´ տնտեսական և թե´ այլ խնդիրները չեն կարող լուծվել: Մենք կախվածություն ունենք Ռուսաստանից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ԵՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը` նշելով, որ Հայաստանը ինքնուրույն որոշումներ չի կարող կայացնել, քանի որ Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը վերջին տասնհինգ տարիների ընթացքում հանձնվել է ռուսական էներգետիկ ընկերություններին։ Ավելին, բանախոսի գնահատմամբ, Ռուսաստանը Հայաստանին հրահանգում է հարցը լուծել ներքին միջոցներով, քանի որ Հայաստանին համարում է իր գաղութը: Գաղութն էլ պետք է տա իրեն, ոչ թե իրենք գաղութին»,- հավելեց տնտեսագետը:
Վերջինիս խոսքով, էներգետիկ համակարգը մաշված է, և անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, ինչը հնարավոր է արևմտյան երկրների հետ համագործակցության շրջանակում: Իսկ սա ԵՏՄ շրջանակում ևս բացառված է: Ըստ Աշոտ Եղիազարյանի` էներգետիկ բարձր սակագին ունենալու դեպքում մեր տնտեսությունը մրցունակ չի լինի միջազգային շուկաներում. «Եթե Ռուսաստանը բարձր էլէկտրաէնէրգիայի պատճառով դառնում է ոչ մրցունակ համաշխարհային շուկայում, ապա Հայաստանը դառնում է ոչ մրցունակ նաև եվրասիական շուկայում»,- ասաց տնտեսագետը:
Եղիազարյանը, անդրադառնալով նաև ՀԷՑ-ի ազգայնացմանը, ասաց՝ չի հավատում, որ այդ մասին խոսք կա. «ՀԷՑ-ը պետք է տրվի կառավարման այն ընկերություններին, որոնք ունեն տեխնոլոգիական հնարավորություններ և ֆինանսական միջոցներ: Նոր հզորությունն են պետք»,- ասաց նա` հավելելով, որ անհրաժեշտ է ՀԷՑ-ը ազգայնացնել և տալ արևմտյան արդյունավետ մենեջմենթ իրականացնող ընկերության:
Տնտեսագետը նաև նշեց, որ նախատեսված է ԵՏՄ շրջանակում միասնական էներգետիկ շուկա ունենալը, որը հավանաբար կգործի 2019 թվականին:
Արփինե Թովմասյան