Հայաստան եկող տրանսֆերտների չափը շարունակում է լուրջ անկում արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը շարունակում է անցած տարվա համեմատ լուրջ անկում արձանագրել: ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակել է տրանսֆերտների այս տարվա մայիսի տվյալները, որտեղից տեղեկանում ենք, որ ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան է փոխանցվել 131 մլն 905 հազար դոլար, իսկ Հայաստանից դուրս է եկել 58 միլիոն 951 հազար դոլար: Այսինքն՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կամ ավելի պարզ` եկած եւ Հայաստանում մնացած գումարը կազմել է 72 միլիոն 953 հազար դոլար:

Անցած տարվա մայիսին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 111 միլիոն 912 հազար դոլար: Ի դեպ, այս տարի տրանսֆերտների զուտ ներհոսքից Ռուսաստանին բաժին է հասել 64 միլիոն 846 հազար դոլար, անցած տարվա 108 միլիոն 315 հազար դոլարի դիմաց: ԱՄՆ-ից ստացվող տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 8 միլիոն 628 հազար դոլար, անցած տարվա բացասական արդյունքի դիմաց: Բանն այն է, որ անցած տարվա տվյալներով՝ ԱՄՆ-ից եկած տրանսֆերտները 1 միլիոն 512 հազար դոլարով պակաս էին եղել Հայաստանից այդ երկիր փոխանցված գումարներից:
Այս տարվա հինգ ամիսներին Հայաստան եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 235 միլիոն 402 հազար դոլար: Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 424 միլիոն 791 հազար դոլար: Այսինքն՝ հինգ ամիսների կտրվածքով տրանսֆերտների անկումը կազմել է 189 միլիոն 389 հազար դոլար, կամ նույնն է, թե 44,6 տոկոս:

Այսպիսով, հերթական անգամ պետք է արձանագրենք, որ այն կանխատեսումները, թե այս տարի Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկող տրանսֆերտները անցած տարվա համեմատ առնվազն կիսով չափ պակաս են լինելու, իրականանում են: Վերջին երեք ամիսներին միջազգային շուկայում նավթի գները որոշակիորեն կայունացան, ինչը հանգեցրեց նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի կայունացման: Թվում էր, թե նման պայմաններում այդ երկրից դեպի Հայաստան եկող տրանսֆերտները կվերականգնվեն եւ կվերադառնան նախկին մակարդակին: Սակայն Ռուսաստանից եկող տրանսֆերտների աճը նշանակալի չեղավ, եւ գումարները չվերադարձան նախկին մակարդակին:

Ինչպես հայտնի է՝ միայն վերջին մեկ ամսում ՀՀ ԱԺ-ն մի քանի վարկային համաձայնագրեր է վավերացրել: Մասնավորապես, վերջին արտահերթ նիստում վավերացվեց մի համաձայնագիր, որը կնքվել է Գերմանիայի Կառավարության հետ եւ, ըստ այդմ, Հայաստանը ստանալու է 205 մլն եվրոյի վարկ: Մեկ այլ համաձայնագրով էլ էներգետիկայի ոլորտի համար 58 մլն դոլարի վարկ տրամադրվեց: Իսկ արդեն հունիսի 2-ին խորհրդարանը կվավերացնի Ռուսաստանի կողմից տրամադրվելիք 200 մլն դոլարի ռազմական վարկը: Չնայած վարկային գումարների ընդհանուր հանրագումարը բավական նշանակալի թիվ է կազմում, սակայն գործնականում դրանք տրամադրվելու են կոնկրետ ծրագրերի շրջանակներում եւ մաս-մաս:

Ուստի ստացվում է, որ ՀՀ Կառավարության այս տարի վերցրած վարկերի մասնաբաժինները կբավարարեն միայն Հայաստանի տնտեսության` տրանսֆերտների նվազման արդյունքում առաջացած «պակասուրդը» վերականգնելու համար: Իսկ տնտեսական աճ եւ զարգացում ապահովելու համար այդ գումարները, մեղմ ասած, բավարար չեն: Ավելին՝ Հայաստանի տնտեսությունն առանց նոր ներդրումների չի կարող զարգանալ: Վարկերով, լավագույն դեպքում, հնարավոր կլինի առժամանակ պահպանել ներկա վիճակը եւ տնտեսությունում թույլ չտալ կտրուկ ու քաոսային անցուդարձ առաջացնող անկումներ:

Բայց դա չի նշանակում, որ ՀՀ Կառավարությունը համեստություն կդրսեւորի եւ իր պաշտոնական վիճակագիրներին չի հրահանգի, որ նրանք իրականությունը վարդագույն երանգներով ներկայացնեն` անկախ այն հանգամանքից, որ դրանից մարդկանց կյանքը չի լավանում: Մարդկանց եկամուտները շարունակում են նվազել, իսկ գներն էլ շարունակում են անդադար աճել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս