Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում կվառի Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը: Մինչ այդ այն արդեն վերջնական տոնական տեսքի բերված կլինի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Այս տարի առաջին անգամ Երևանը կունենա Ամանորի խորհրդանիշ՝ հայկական մանրանկարչության մեջ հայտնի հրեշտակը, որն, ըստ գտնված լուծման, պետք է լինի փողի մեջ։ Այն կազդարարի Նոր տարվա գալուստը: Իսկ գունային լուծումների համար ընտրված են կապույտն ու ոսկեգույնը: 2013-ը, ինչպես հայտնի է, Ջրային օձի տարի է, և ողջ աշխարհում կապույտը լինելու է գերիշխող գույն:
Նաև մայրաքաղաքում երկու տեղ կլինեն 3D լուսային էֆեկտներ. մեկը կլինի Օպերայի և բալետի ակադեմիական շենքի ճակատին, իսկ մյուսի տեղը քաղաքապետարանի պաշտոնյաներն ասացին, որ դեռ գաղտնի է պահվում։
Նրա խոսքով, Նոր տարվա 32 մետրանոց խորհրդանիշը եղեւնու շուրջ 6 հազար ճյուղերից է պատրաստված, որոնք մայրաքաղաք են բերվել անրապետության ողջ տարածքից. օգտագործվել են անտառների սանիտարական էտից մնացած ճյուղերը: Դեկտեմբերի 20-ի երեկոյան մայրաքաղաքը վերջնական տոնական տեսք կստանա:
Ազատության հրապարակում դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը երեխաների համար ժամանցային ծրագրեր կկազմակերպվեն: Ազատության եւ Ազնավուրի հրապարակներում լուսադիոդային շատրվաններ կտեղակայվեն:
Նոր տարվա տոնակատարությունների համար Երեւանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից 20 մլն դրամ կծախսի: Սակայն, ըստ Բաղդասարյանի, քաղաքապետարանի գործընկերները եւս գումարներ կհատկացնեն: