«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ փետրվարի 4-ին Մովսես գյուղում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանին ֆինանսապես օգնել է «Գրանդ Տոբակո» ընկերությունը: Գրել էինք, որ նշված օրը պապիկը այգում էր եղել եւ վնասվածքը ստացել էր ծնկի շրջանում:
Վերջինիս շտապ տեղափոխել էին կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ կրակոցից հետո պապիկի վիճակը կտրուկ վատացել էր, եւ նրան կրկին տեղափոխել էին կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ: Սակայն հարազատները գումար չունեին՝ բժիշկներին վճարելու համար:
Ավելի ուշ պապիկի հարազատները բուժման ծախսերը հոգալու հարցով դիմել էին ՀՀ առողջապահության նախարարություն, որպեսզի պապիկի համար պետպատվեր տրամադրվեր, սակայն նախարարությունը հրաժարվել էր օգնել սահմանամերձ գյուղի բնակչին: Ընտանիքի անդամներն էլ այս օրերին ընկած գումար էին ման գալիս՝ «Արմենիա» ԲԿ-ում պապիկի բուժման համար նախատեսված ծախսերը վճարելու համար:
Արդյունքում, Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը մեր հրապարակումից հետո կապ էր հաստատել Լեւոն Անդրեասյանի ընտանիքի հետ եւ փոխանցել նրա բուժման համար անհրաժեշտ գումարը՝ 220 հազար դրամ հենց «Արմենիա» բժշկական կենտրոնին: