Ֆերմերներն անասնակերը պարտքով են գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանի մարզերում չի կարգավորվում կաթի մթերման խնդիրը: Բանն այն է, որ այս օրերին ՀՀ որոշ մարզերում գյուղացիները կաթը մթերում են 115-120 դրամով` նախկին 130 դրամի փոխարեն: Կան նաեւ գյուղեր, որտեղ կաթի վերամշակման ընկերությունները հրաժարվում են մթերումից կամ էլ 80 դրամ են առաջարկում մեկ լիտր կաթի դիմաց, ինչը չափազանց էժան է, հատկապես անասնակերի ներկայիս բարձր գների պայմաններում:

ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի բնակիչ Քյարամ Ներսեսյանն արդեն 12 տարի է, ինչ զբաղվում է անասնապահությամբ: Նա ունի 67 անասուն, որից միայն 34-ը կաթնատու են: «Ես օրական կաթ մթերող ընկերություններին հանձնում եմ 260-270 լիտր կաթ: Վստահեցնում եմ, որ արդեն մեկ ամիս է, ինչ 120 դրամով են մթերում, նույնիսկ կաթի յուղայնությունն էլ չեն ստուգում: Մինչդեռ ստուգելու դեպքում, եթե բարձր լինի յուղայնությունը, ապա բարձր գումար պետք է առաջարկեն: Իսկ նման բան չկա: Ստուգում են միայն այն, որ կաթի հետ ջուր խառնած չլինի: Մենք էլ չգիտենք, թե ում դժգոհենք»,- ներկայացրեց Ներսիսյանը:

Մեր զրուցակիցն ափսոսանքով նկատեց, որ իր կաթնատու կովերին պահելու եւ անասնակեր գնելու համար ստիպված է անասուն մորթել: Ավելին` անասնապահն արդեն 1 մլն 800 հազար դրամ պարտք է անասնակերի համար: «Այսօր մսագործի եմ կանչել, որ գա մի քանի անասուն մորթի, գոնե խոտի տիրոջը պետք է պարտքի 30 տոկոսը վճարեմ: Մոտ 2000 տուկ ապառիկ եղանակով եմ գնել, պարտք եմ ու կոպեկ չեմ տվել: Բայց նորից անասնակերի կարիք կա, գոնե պետք է վճարեմ, որպեսզի կարողանամ կրկին անասնակեր վերցնել: Չգիտեմ, ինչ անեմ՝ անասունին մորթե՞մ, թե կաթը թափե՞մ»,- տարակուսեց անասնապահը:

Բացի սրանից՝ ֆերմերները կանգնած են մեկ այլ խնդրի առաջ. կաթի արտադրության ծավալները սկսել են նվազել: ՀՀ որոշ մարզերում դա կապված է սեզոնային գործոնի հետ: Իսկ, ահա, Արագածոտնի Կարմրաշեն գյուղում դա ուղիղ կապ ունի արոտավայրերի անջրդիության հետ: «Մեր հողերը բերրի չեն, այս պատճառով մենք խոտ չունենք: Վերջին անգամ մեր գյուղում անձրեւ եկել է մայիսի կեսերին:

Արոտավայրերն անջրդի են, դրա համար էլ խոտ չկա, որ գոնե անասուններն արածեն: Կանաչ չկա, որ անասունն ուտի, լիարժեք կաթ արտադրի: Տնամերձ հողի խոտով էլ կարող ես միայն երկու կամ երեք անասուն պահել, իսկ մեծ թվով անասուն պահելու համար պետք է անասնակեր գնել»,- լրացրեց Ք. Ներսիսյանը:

Իսկ, ահա, նույն մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչ Մովսես Խամոյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեց, որ կաթի մթերման ընկերություններն արդեն սովորություն են դարձրել եւ ամսվա մեջ չորս անգամ գին են իջեցնում: «Իսկ բարձրացնելու մասին խոսք անգամ չկա: Բայց այս օրերին անասնակերի մեկ տուկն արժի 1000 դրամ: Այսպես որ շարունակվի, չենք կարող անասուն պահել: Կամ էլ կեսին կմորթենք, որպեսզի դրանից ստացված գումարով կարողանանք մյուս կեսին պահել»,- վրդովվեց Խամոյանը` հավելելով, որ նախօրեին արդեն հասցրել է երեք անասուն մորթել:

Ինչպես Քյարամ Ներսիսյանից, այնպես էլ Մովսես Խամոյանից կաթ գնելիս մթերող ընկերությունները յուղայնությունը չեն հաշվում: Նրանք երկուսն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեցին, որ նախորդ տարի այս շրջանում վերամշակող ընկերություններին կաթը վաճառել են 170 դրամով: Իսկ այս օրերին գյուղեր կան, որտեղ կաթը նույնիսկ 90-100 դրամով են հանձնում: Գյուղեր էլ կան, որտեղ կաթի վերամշակման ընկերությունները հրաժարվում են այն մթերելուց:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ եւ հետաքրքրվեց, թե այս ընթացքում ԳՆ-ն ինչ է արել՝ հարցը լուծելու ուղղությամբ: Սակայն ինչպես մեր նախկին՝ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած զրույցի ընթացքում, այնպես էլ այս անգամ փոխնախարարը ոչ մի նորություն չասաց: «Կաթի մթերման բոլոր գործարանները, անհատ մթերողները կաթը վերցնում են պայմանավորված գնով՝ 130 դրամով: Բայց կան միջնորդներ, որոնք գյուղացուց վերցնում են կաթն ու հանձնում գործարաններին, եւ նրանց էլ մնում է 10-20 դրամ:

Կաթի մթերման երկու գին կա՝ 130 դրամ առաջարկում են վերամշակող ընկերությունները, իսկ եթե գործին միջնորդներն են խառնվում, ապա այն դառնում է 110 դրամ»,- ասաց փոխնախարարը: Իսկ, ահա, անասնակեր գնելու նպատակով ֆերմերների կողմից անասուններին մորթելու դեպքերի հետ կապված էլ ասաց հետեւյալը. «Այսօրվա դրությամբ ոչ մի գյուղացի իր անասունին՝ կաթնատու կովին, չի մորթի: Բացի այդ՝ այս տարի անձրեւային է, եւ խոտի հնձման աշխատանքները բարձր մակարդակով են ընթանում: Մեկը կարող է մի բան ասել եւ պատճառ բռնել իր մյուս հարցերը լուծելու համար»:

Ահա, այսպիսի սպառիչ, խիստ պատասխանատու եւ, ամենակարեւորը, մտահոգ պատասխաններ գյուղատնտեսության նախարարությունից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս