Ես միշտ էլ սատարել եմ համասեռամոլներին. այնպես որ` ատե´ք ինձ. դա ձեզ մոտ լավ է ստացվում. Շպռօտ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Շպռօտը (Անի Թովմասյան), ով տեւական ժամանակ է` բնակվում է ԱՄՆ-ում, «Ժողովուրդ»-ին պատմել է իր ամերիկյան կենսակերպի մասին, նշել, թե ինչու հեռացավ Հայաստանից: Նա անդրադարձել է նաեւ իր եւ Էռնեստ The Best-ի հարաբերություններին եւ համասեռամոլներին սատարելու թեմային:

-Անի՛, գիտենք, որ ԱՄՆ-ում միայն երգչուհու կարիերայով չէ, որ զբաղվում եք, ոչ մասնագիտական այլ աշխատանքներ էլ եք կատարում: Ի՞նչ հիմնական խոչընդոտներ եք ստիպված եղել հաղթահարել այդտեղ` մինչեւ կյանքի այս փուլը:

-ԱՄՆ-ում ես, բացի երգարվեստից, ունեմ նաեւ ապրուստի ուրիշ միջոց: Երգարվեստից ստացված եկամուտով հայ համայնքում հնարավոր է միայն մեքենայի վարձը վճարել: Ճիշտ է, շատ եմ հոգնում ֆիզիկական աշխատանքից, բայց ինձ երջանիկ եմ համարում, որ դեռ երգում եմ: Կյանքն ԱՄՆ-ում շատ ձանձրալի է` համեմատած իմ երեւանյան կյանքի հետ: Այստեղ օր ու գիշեր աշխատում եմ, որ հասցնեմ իմ եւ Երեւանի հարազատներիս ծախսերը հոգալ: Ընկերներ քիչ ունեմ: Այստեղ ինձ բնությունն է շատ դուր գալիս եւ երկրում գործող համակարգը: Զգում ես, որ ապրում ես մի երկրում, որտեղ ամեն բան արված է՝ քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու համար:

11101243_624791780984404_7815349804769710994_n

-Հայաստանում Դուք կարողացաք կերտել էպատաժային երգչուհու Ձեր կերպարը, որը կա՛մ շատ սիրվեց, կա՛մ խստորեն քննադատվեց: Ի վերջո, ինչո՞ւ չմնացիք հայրենիքում: Հնարավոր չէ՞ր Ձեր ստեղծած կերպարի միջոցով նոր խոսք ասել եւ գումար վաստակել:

-Ես շատ շնորհակալ եմ իմ ճակատագրին՝ այդ գեղեցիկ կյանքի փորձը Հայաստանում ունենալու համար. սիրվեցի, թե ոչ, կապ չունի: Շնորհակալ եմ հայ ազգին, որ ինձ թույլ տվեց բեմում լինել երջանիկ: Ես ամեն երկրում էլ կարող եմ գումար վաստակել, հարցն այն է, թե որ երկիրը կընտրի աշխատանքից չվախեցող աղջիկը:

-Դուք կարծես Հայաստանից հեռացաք դժգոհ եւ հիասթափված…Ի՞նչն էր խնդիրը: Տպավորություն ստեղծվեց, թե Ձեզ շոու-բիզնեսից աննկատ կերպով դուրս հանեցին:

-Հայկական շոու-բիզնեսում ես միշտ վայելել եմ սեր եւ հարգանք: Արտիստների հետ խնդիր չեմ ունեցել: Ես էլ նրանց եմ սիրել. բոլորն էլ ուժեղ, տաղանդավոր մարդիկ են, որոնք մինչեւ այսօր լավատեսորեն աշխատում են: Ես ուղղակի զզվեցի երկրի Կառավարությունից եւ անարդարությունից: Ինքս իմ ձեւով մշտապես պայքարել եմ անարդարության դեմ, սակայն միշտ մենակ եմ եղել: Հիմա թող պայքարեն նրանք, ովքեր նոր են սկսել դա անել եւ թող հաղթեն, բայց առանց ինձ…

-Մի առիթով մեր երկրի մասին խոսելիս տգեղ կերպով էիք արտահայտվել, ԶԼՄ-ներն էլ տարածել էին դա: Չե՞ք կարծում, որ չարժի լքել հայրենիքը, իսկ հետո պիտակավորել այն, որքան էլ վերջինս թերություններ ունենա:

-Ես երկրի դեմ ոչինչ չունեմ. այն իմ ծննդվայրն է: Բայց զզվելի է այն, ինչ կատարվում է ներսում… Յաղք…Ես սիրում եմ Հայաստանը, Երեւանը, քարերը, ջուրը, միրգը, բայց որոշ բնակիչների ատում եմ: Ես ո՞վ եմ, որ հայրենիք պիտակավորեմ: Հայրենիքը թերություն չի ունենում: Երեւի միակ թերությունը ես էի, հիմա էլ էդտեղ չեմ (ծիծաղում է):

1972284_557534377710145_1956611705529544510_n

-Հայաստանի շոու-բիզնեսցիների հետ կապը պահո՞ւմ եք: Նրանցից ոմանք սոցցանցերում ակնհայտորեն Ձեզնից բամբասում են…

-Ես Արմինկայի հետ եմ պահում իմ կապը, քանի որ նա է իմ հարազատը: Իսկ բամբասանքների վրա թքած ունեմ:

-Որքան էլ Դուք եւ երգիչ Էռնեստ The Best-ը հերքեք խոսակցությունները, թե դուք սիրային կապ ունեք, միեւնույն է` հանրությունը շարունակում է խոսել այդ մասին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր հարաբերությունները երբեւէ ընկերականից դուրս այլ ընթացք ստանան:

-Էռնեստն իմ ամենահարազատ մարդն է այստեղ եւ առհասարակ: Նա ունի շատ բուռն անձնական եւ սեռական կյանք` առանց իմ մասնակցության: Ուրիշ ինչպե՞ս ասեմ, որ հասկանաք…Ես իմ կողքին հիմա ոչ ոք չունեմ…

11267439_648318058631776_7522889268400380798_n

-Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Դուք սատարում եք համասեռամոլներին: Այս տեղեկությունն իրարանցում առաջացրեց սոցցանցերում…

-Ես միշտ էլ սատարել եմ համասեռամոլներին նույնիսկ Երեւանում: Այնպես որ, ատե՛ք ինձ. դա ձեզ մոտ լավ է ստացվում…

-Բայց Դուք Ձեզ սիրողներ էլ ունեք…Գուցե Հայաստանում շուտով հանդիպե՞ք երկրպագուների հետ:

-Ես շատ եմ ուզում վերադառնալ Հայաստան, քանի որ ընտանիքիս շատ եմ կարոտել: Բայց չեմ կարող ապրել մի երկրում, որտեղ չկա խոսքի ազատություն… Շնորհակալություն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս