ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան  ժամանեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում նախարար Երիցյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գործողությունների ստորաբաժանման ղեկավար, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, դեսպան Սթիվեն Էվանսի հետ: Հանդիպմանը մասնակցեց ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանը:  
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արտակարգ իրավիճակների պլանավորման, ճգնաժամերի կառավարման ոլորտներում ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված արտակարգ իրավիճակների պլանավորման եւ ճգնաժամերի կառավարման ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նախարար Երիցյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքները եւ ապագա ծրագրերը:
Նույն օրը կայացավ “Դաշնակիցներ+Հայաստան+Գործընկերներ” ձեւաչափով նիստը, որն իր բնույթով առաջին այս կարգի միջոցառումն էր` նախաձեռնված եւ կազմակերպված Հայաստանի Հանրապետության կողմից: Նիստին մասնակցեցին Դաշինքի անդամ եւ Գործընկեր պետությունների շուրջ 40 ներկայացուցիչներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը հանդես եկավ զեկույցով` ներկայացնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը եւ ՀՀ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկույցի ավարտից հետո ներկաներին ցուցադրվեց կարճատեւ տեսահոլովակ` նվիրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը:




Լրահոս