Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին:
«Ստիպված եմ հրապարակավ դիմել Ձեզ, որովհետև իմ հարցմանն ի պատասխան Ձեր նամակից բխող հարցերը չկարողացա պարզաբանել ո’չ Ձեր պաշտոնական կայքի 52.18.77, ո’չ իմ հարցմանն ի պատասխան պաշտոնական նամակում նշված կատարողի 52.06.28 հեռախոսահամարներով, որոնք, ըստ օպերատորի, գոյություն չունեն: Փաստորեն, արժանահավատ չէ Ձեր կայքի տեղեկատվությունը:
Կրկին Երևանի Նազարբեկյան 48 շենքի վիճակի մասին, որը չունի տանիք, կոյուղագիծ, վերելակ, շքամուտք, աստիճանավանդակ, այսինքն որոշ հարկեր բնակության համար պիտանի չեն: Ըստ Ձեր պատասխանի, 2012թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման սեփականություն է գրանցվել այլ անձանց սեփականությունը չհանդիսացող ընդամենը 18 բնակարան, որոնցից 15-ը ՀՀ կառավարության 2 տարբեր որոշումներով նվիրաբերվել են քաղաքացիներին և որպես նվիրաբերության պայման քաղաքացիները պարտավորվել են իրենց միջոցների հաշվին մասնակցել շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին` իրենց բաժնային մասի չափով(կառավարության որոշման մեջ չկա, թե որքան է դա):
Ընդ որում, 15 բնակարաններից 12-ը բառացիորեն տանիք չունեն, բնակիչները կարողացել են փակել միայն պատշգամբների 6 ք.մ. տանիքները, իրենց ուժերով տարերայնորեն կառուցել են ջրի և կոյուղու ներքին ցանցը, ինչպես նաև կոյուղու համար փոսը, որն արդեն լեփ-լեցուն է ու դատարկվելու խնդիրը պարբերաբար ծառանում է բնակիչների առաջ և համաճարակի բուն կդառնա: Նամակում այդպես էլ գրված չէ, թե այդ շենքն ամբողջությամբ ում է պատկանում, քանի որ, ինչպես գրված է վերոնշյալ նամակում, շենքի 54 բնակարաններից պետական սեփականություն են ընդամենը 3-ը, իսկ շենքի ընդհանուր օգտագործման տարածքների (նկուղ, տանիք, շքամուտք, աստիճանավանդակներ և այլն) նկատմամբ պետությունն ունի բաժնային սեփականության իրավունք: Բնակիչներն այս խնդիրներով դիմում են քաղաքապետարան, առողջապահության նախարարին, Ջրմուղին և ի պատասխան ստացել են հետևյալ պաշտոնական պատասխանները` շենքն անավարտ կիսակառույց է, պետական սեփականություն է, չի փոխանցվել Երևանի համայնքին, շենքը «Երևան Ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ չի հանձնվել, (խնդրում եմ սևեռեք Ձեր ուշադրությունը քաղաքապետարանի սույն վերջին պատասխանի վրա) շենքի արտաքին ջրահեռացման համակարգը կկառուցվի շենքի պատվիրատուի կողմից կառուցումն ավարտին հասցնելուն զուգահեռ: Սակայն հարցը բաց է`
1.Ո՞վ է շենքի պատվիրատուն և ո՞վ է կառուցումն ավարտին հասցնելու և ե՞րբ :
2.Արդյո՞ք Ձեր ստորագրությամբ նամակի հետևյալ տողերը. «իսկ շենքի ընդհանուր օգտագործման տարածքների (նկուղ, տանիք, շքամուտք, աստիճանավանդակներ և այլն) նկատմամբ պետությունն ունի բաժնային սեփականության իրավունք», (չեղածի նկատմամբ ի՞նչ պետական բաժնային սեփականության մասին է խոսքը) նշանակում են, որ պետությունը պարտավոր է ավարտին հասցնել կիսակառույցը:
Խնդրում եմ հնարավորինս սպառիչ պատասխան տալ վերոնշյալ հարցերին»: