ՀԽ անդամները հրաժարվել են ցուցմունք տալուց` դիտարկվող քրեական գործը քաղաքական պատվեր համարելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է  տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ռեժիմը շարունակում է քաղաքական պատվերի հիման վրա Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներին առաջադրված շինծու մեղադրանքով քրեական գործն օգտագործել նրանց հալածելու նպատակով:

Շուրջ շաբաթ առաջ՝ հունիսի 2-րդ տասնօրյակի ընթացքում, գործով որպես մեղադրյալ անցնող Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներին քննիչը բանավոր կերպով կանչել է ՀՀ քննչական կոմիտե՝ գործով նշանակված փորձաքննությունների եզրակացություններին ծանոթանալու նպատակով:

Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, օգտվելով օրենքով իրենց վերապահված իրավունքներից, հրաժարվել են ընդամենը դրանց ծանոթանալու նպատակով քննչական մարմին ներկայանալուց:

Քննչական մարմինը որոշել է կամք պարտադրել և, չարաշահելով օրենքով իրեն վերապահված ձևական-իրավական լիազորությունները, փորձաքննությունների եզրակացություններին ծանոթացնելու նպատակով նրանց քննչական մարմին է կանչել հարցաքննության պատրվակով, ինչը պարունակում է չներկայանալու դեպքում խափանման միջոցը փոփոխելու և նրանց կրկին կալանավորելու սպառնալիք:

Այս մասին են վկայում ոչ միայն քննիչի բանավոր խոսքում տեղ գտած ակնարկները, այլև այն ուշագրավ փաստը, որ չորս ու կես ամիս քննվող գործով մեղադրանք առաջադրելուց հետո մեղադրյալները երբևէ ըստ էության հարցաքննության չեն ենթարկվել:

Հաշվի առնելով օրենքով մեղադրյալին ներկայացվող պահանջները, Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը այսօր՝ հուլիսի 2-ին, առավոտյան ժամը 10-ին ներկայացել են քննչական մարմին: Այնտեղ, ինչպես արդեն սպասվում էր, նրանց առաջին հերթին ծանոթանալու նպատակով ներկայացվել են փորձաքննությունների եզրակացությունները:

Նրանք հրաժարվել են եզրակացություններին ծանոթանալուց, ինչպես նաև հայտարարել են, որ դիտարկվող քրեական գործը քաղաքական պատվեր է, ուստի հրաժարվում են նաև ցուցմունք տալուց:

Բացի այդ՝ քննչական մարմինն անմարդկային և անօրինական մոտեցում է ցուցաբերել գործով մեկ այլ մեղադրյալի՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ: Վերջինս բանավոր կերպով քննչին խնդրել է հարցաքննության կանչել մեկ ուրիշ օր, քանի որ առողջական վիճակի պատճառով շտապ բուժզննում անցնելու կարիք ունի, սակայն քննիչը պնդել է և սպառնացել, որ չներկայանալու պարագայում նրա խափանման միջոցը կփոփոխվի և որպես խափանման միջոց կընտրվի կալանավորումը՞:




Լրահոս