Բաղրամյանում հայտնվել են անհայտ մարդիկ, որոնց կողքին գտնվելը սխալ է. Արտյոմ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի օրերին Բաղրամյան պողոտայում, բացի քաղաքական գործիչներից, ներկա էին նաև շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ: Սակայն վերջին օրերին` նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարների և ոստիկանների միջև պատ կանգնող մարդկան շարքերը նոսրացել են:

Armlur.am-ը զրուցեց  ռեժիսոր Արտյոմ Հակոբյանի հետ` պարզելու համար, թե որն է պատճառը, որ նա վերջին օրերին այլևս ցուցարարների կողքին չէ:  Նրա խոսքով, Բաղրամյանում այժմ անորոշ վիճակ է տիրում և հայտնվել են տարբեր, անհայտ մարդիկ:

«Այն օրվանից, երբ նախագահը հայտարարեց աուդիտի մասին,  երիտասարդության այն մասը, որը կազմակերպել էր և, որի հետ մեկտեղ միասին դուրս էինք եկել պայքարի, քաշվեց մի կողմ և Բաղրամյանում սկսվեց անորոշ վիճակ տիրել և հայտնվեցին անհայտ մարդիկ: Իմ այնտեղ գտնվելը` այդ մարդկանց կողքին անհիմն է,  անհասկանալի և սխալ քայլ», – ընդգծեց նա:

Ռեժիսորի խոսքով, այժմ պետք է սպասել և հասկանալ, թե ինչ է լինելու շարունակությունը և ոչ թե անորոշ մարդկանց կոչերով գնալ և ինչ-որ բաներ պահանջել: Մեր այն դիտարկմանը, թե շատերը շոու-բիզնեսի ներկայացուցիչների` Բաղրամյան պողոտայում գտնվելը  համարում են PR քայլ, Արտյոմ Հակոբյանը նշեց, թե ամեն մարդ սուբյեկտիվ կարծիք ունի:

«Այնպես որ չեմ գտնում, որ ամեն մեկի ասածին պետք է ինչ որ մի բան անպայման հակադարձել կամ պատասխանել: Ամեն դեպքում, ես ունեմ իմ մոտեցումը, գտել եմ, որ ես այնտեղ պետք է գտնվեմ, և մեկ շաբաթ գտնվել եմ: Մեկ շաբաթից հետո գտել եմ, որ այնտեղ  իմ գտնվելը պետք չի և  արդեն էլ չեմ գնում: Կարծում եմ` այդ մարդիկ մեծամասամբ այն մարդիկ են , որոնք չգիտեն, թե ինչ են ուզում, պարզապես իրենց պետք է մեկի հասցեին ինչ որ բան խոսել և խոսում են: Կարծում եմ` դա արդեն պարապությունից է, այլ ոչ թե հայրենասիրությունից», – եզրափակեց Արտյոմ Հակոբյանը:

Արփինե Թովմասյան




Լրահոս