Վարդան Ղուկասյանի որդու ընկերության աշխատակիցները Բալասանյանից աշխատավարձ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Galatv .am-ի փոխանցմամբ՝ այսօր ,Գյումրեցի ընկերներե ՍՊԸ-ի թվով 35 աշխատակիցներ բողոքի ցույց են անցկացրել Գյումրու քաղաքապետարանի դիմաց, պահանջել իրենց՝ ամիսներով չվճարված աշխատավարձերը: Աշխատակիցները ցանկանում են հանդիպել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: “Մենք ամիսներով աշխատավարձ չենք ստացել: Մարդ կա, որ հուլիս, օգոստոսն էլ չի ստացել, գազն անջատել են, լույսն անջատել են, երեխաներ ունենք, ովքեր հիմա մրսում են, մենք մեր քրտինքն ենք ուզում, մեր աշխատավարձն ենք ուզում, մենք ողորմություն չենք պահանջում, աշխատել ենք, թող բարի լինեն վճարեն”,-բողոքում էին “Գյումրեցի ընկերներ” ՍՊԸ աշխատակիցները: 
Ըստ տեղեկությունների՝ այս ընկերության հետեւում կանգնած է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Տարիներ շարունակ Գյումրու քաղաքապետարանը քաղաքի փոսալցման ու կարկատման աշխատանքները վստահում էր այս ընկերությանը: Ներկայումս ընկերության աշխատակիցները ամիսներով չվճարված պարտքեր ունեն: “Մենք էս քաղաքի համար ենք աշխատել, էս քաղաքի փողոցներն ենք նորոգել, թող քաղաքապետարանը բարի լինի, վճարի”,-բողոքում էին շինարարները:
“Ընկերությունը 210 միլիոն դրամի աշխատանք է կատարել, եւ չեն վճարում, որ մենք էլ աշխատակիցներին վճարենք, բա մեղք չե՞ն էս մարդիկ, բոլորը սոված ու տկլոր են, իսկ առջեւում ազիզ օրեր են: Էս մարդիկ ո՞նց նայեն իրանց երեխաների աչքերին”,-դժգոհել է ընկերության ինժեներ Սերգեյ Նիկողոսյանը:
Շինարարները պատմեցին, որ արդեն մի քանի օր գնում են ընկերության ղեկավարների մոտ ու գումար են պահանջում: Իսկ վերջիններս էլ պատճառաբանում են, թե Գյումրու քաղաքապետարանն է պարտք: “Իրանցից արդեն քանի ամիս պահանջում ենք: Էն ժամանակ, որ Վարդան Ղուկասյանն էր, գցեցին էսօր-էգուց, էսօր-էգուց, մինչեւ փոխվավ, դրանից հետո ամեն օր գնում-ուզում ենք, սարքել են շան ու կատվի պատմությունը: Ասում են՝ գնա շաբաթ արի, հետո՝ ուրբաթ արի, բայց արդեն Նոր տարին է գալիս: Հիմա էլ ասում են՝ գնացեք Բալասանյանից ուզեք: Ստեղ էլ ասում են՝ մենք ձեզ փող պարտք չենք, ձեր հետ աշխատանքային պայմանագիր չունենք… Իրանք իրար հետ հարցեր ունեն, մեջտեղ ո՞վ է տուժում… մենք՝ ժողովուրդը”:
Շինարարները ասել են, որ մտադիր են դիմել ՀՀ քաղաքաշինության նախարարություն: “Կամ դատի կտանք, կամ կգրենք նախարարություն, հերիք էղավ սպասենք ու իրանք էլ հոլի նման մեզ տանեն-բերեն, գցեն մեկը մեկի վրա”,-ասել են “Գյումրեցի ընկերներ” ՍՊԸ աշխատակիցները:




Լրահոս