Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որի ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նախ ողջունեց նախագծի շուրջ առաջացած բանավեճը, սակայն կոչ արեց մնալ ողջախոհության սահմաններում:
«Երկու երկրների միջև այս կարգի փաստաթղթեր ստորագրելու համար ինչքա՞ն ժամանակ է պահանջվում և արդյոք հնարավոր է 3-4 օրում հրավիրել հայ-ռուսական միջկառավարական նիստ ու իրադարձությունների ու ցույցերի հետ կապված այսպես` «սյուրպրիզ» կամ պատասխան փաստաթուղթ պատրաստել», – նշեց նա` ի պատասխան այն քննադատությունների, թե այս պայմանագիրը մի քանի օրում է գրվել:
«Այս պայմանագրով ՀՀ-ն ստանում է բացառիկ հնարավորություններ ռազմատեխնիական համագործակցության ոլորտում, իսկական մատակարարումը հենց սրան է վերաբերում, Ադրբեջանին էլ զենք են վաճառում ժամանակակից շուկայական գներով, կանխիկ փողով: Իսկ մեզ տալիս են այնպիսի պայմաններով, ինչպես մատակարարում են ռուսական բանակին: Ռուսական բանակից բացի, միայն նման ձևով տալիս են նաև Բելառուսին, որը «սայուզնի» պետություն է ՌԴ-ի համար»,- հավելեց Նաղդալյանը: