Իշխող ՀՀԿ-ն երեկ հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում նույնիսկ մենաշնորհները վերացնելու քաղաքական կամք չունի: Ավելին, իշխանությունն այդպես շարունակելու է նպաստել մենաշնորհների պահպանմանն ու դրանով նաեւ ՀՀ Սահմանադրության ոտնահարմանը:
Այդպես ԱԺ-ն 35 կողմ եւ 61 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց Հայ ազգային կոնգրես խմբակցության հարցապնդման առընչությամբ ներկայացված «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Միայն թե, ընդդիմության նախագծին ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցություններից բացի, կողմ քվեարկեց 2 ՀՀԿ-ական՝ Գարեգին Նուշիկյանն ու Համլետ Հարությունյանը: Իսկ մի քանի ՀՀԿ-ական՝ Մանվել Բադեյանը, Կարեն Սարիբեկյանը, Աշոտ Աղաբաբյանը, Աշոտ Արսենյանը, Մարգարիտ Եսայանը, պարզապես չմասնակցեցին քվեարկությանը: «Ես կողմ եմ այդ ծրագրին, դրա համար էլ կողմ եմ քվեարկել: Յուրաքանչյուրն իր պատկերացումներով է քվեարկում»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց Նուշիկյանը: Մյուս ՀՀԿ-ականները երեկ ամեն գնով փորձում էին համոզել, որ իրենք իրականում դեմ են մենաշնորհներին: Իսկ ՀԱԿ-ի առաջարկին կողմ չեն քվեարկել, քանի որ, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանեց, այնտեղ ընդդիմադիր շեշտադրումներ կային: «Էկոնոմիկայի նախարարն էլ ասաց, որ նոր հայեցակարգ է մշակվում, որ օրենքի շրջանակներում պայքարենք դրա դեմ: Իսկ դեմ ենք քվեարկել, քանի որ ոչ պատասխանատու, ընդդիմադիր շեշտադրումներով փաստաթուղթ է ներկայացվել»,-ասաց Սահակյանը:
ՀՀԿ-ական պատգամավորներից Արմեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում համաձայնեց, որ ՀՀ-ում իսկապես կան մենաշնորհներ: Հարցին, թե ՀՀԿ-ն չի ուզում պայքարել դրանց դեմ, նա պատասխանեց. «Իհարկե ուզում եմ, բոլորն էլ ուզում են: Կարող է մի երկու հոգի չուզի, բայց ես ուզում եմ: Ուղղակի այդ օրենքի վրա աշխատանք կա կատարելու: Ավելի լավ է օրենքն ամբողջական լինի, քան ասենք, որ օրենք ունենք, բայց մոնոպոլիան գործի: ՀՀ-ում մենաշնորհ կա, բոլորն էլ ասել են, որ կա. փոքր ուղղություններ կան, որտեղ կա մենաշնորհ»: Ընդդիմության նախագծի քվեարկությանը չմասնակցած ՀՀԿ-ականներից Աշոտ Աղաբաբյանը նշեց. «Ո՞նց կարող է ՀՀԿ-ն կողմ լինի մենաշնորհին: Ես կարծում եմ, որ նման հարց քննարկելը հասունացած չէ: Դրա համար էլ չքվեարկեցի: Եւ հետո՝ մենաշնորհ հասկացությունը բարդ է, որովհետեւ կարող է դու նոր արտադրություն հիմնես, միայն դու լինես այդ ոլորտում, ստացվի՝ մենաշնորհ է»:
Այնինչ ոչ կոալիցիոն ուժերը երեկ հակառակն էին պնդում: «Ես դեռ ոչ մի շնորհքով մարդ չեմ տեսել, որ իր տակի շյուղը կտրի: Ո՞վ կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է»,-մեկնաբանեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
ՀՀԿ-ն՝ ընդդեմ Ծառուկյանի
Ի դեպ, երեկ ԱԺ-ում ակտիվորեն քննարկվում էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսելում արած հայտարարությունները, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»: Ոմանք կարծիք էին հայտնում, թե Ծառուկյանի խոսքերն ուղղված են անձամբ Սերժ Սարգսյանին, ոմանք էլ կարծում էին, թե նա նկատի է ունեցել Տիգրան Սարգսյանին: Այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն երեկ «նեղվել էր» այս խոսքերից. ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարությունները որակեց «ամոթալի»: ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Դա քաղաքական անփորձության արդյունք է»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ երեկ չէր ուզում հավատալ, որ Ծառուկյանը նման բաներ է ասել: «Ըստ երեւույթին դա վերարտադրված տեքստ է ամբողջական հանդիպումներից: Պետք է սպասել, Ծառուկյանը կգա, հասարակությանը կներկայացնի, մենք էլ կգնահատենք: Առավել եւս, նորանկախ Հայաստանում միջազգային հանդիպումներում ամենաընդդիմադիր, ամենակոշտ ընդդիմությունը նման անորակ հայտարարություն չի արել: Չեմ կարծում, որ Ծառուկյանը նման նշանակալից քայլ արած լինի,-ասաց Սահակյանը՝ հավելելով,-չեմ կարծում, որ այդ հայտարարությունը որոշակի ուղղվածություն ունի: Եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, մենք բոլորս պետք է դրա մեջ մեզ տեսնենք»: