«Ցորենի ալյուրի հարստացումը լիովին անվտանգ է և օգտակար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես իմ հայ ժողովրդին միշտ համարել եմ իմաստուն, խելամիտ ազգ։ Բայց երբ  եկա ու իմացա, որ շատերը դեմ են ցորենի ալյուրի հարստացմանը, խիստ զարմացա և հիասթափություն ապրեցի»,-ասաց Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Թուտելյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ` նշելով, որ անցած դարի 40-ական թվականներից  մինչև փլուզումը Խորհրդային Միությունում ալյուրը 100 տոկոսով հարստացվել է, այդ թվում` ֆոլաթթվով` նպաստելով բնակչության առողջության պահպանմանը։

Վիկտոր Թուտելյանը նաև շեշտեց, որ 1948թ. Խորհրդային Միությունում արգելվում էր գենետիկան։ Արդյունքում ԽՍՀՄ-ը գիտության այդ ճյուղով աշխարհի զարգացած շատ երկրներից բավական ետ մնաց։

«Մեկն ինձ ասաց` պետք չէ ձեռք տալ Աստծո տված հացին։ Բայց չէ՞ որ Աստծո տված հացը խանութներում վաճառվող սպիտակ հացը չէ, որ զրկվել է բնության տված միկրոսննդատարրերից ցորենի մշակման արդյունքում»,-նշեց բանախոսը մինչ ասուլիսը Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում  «Օպտիմալ սնունդն առողջության և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարևորագույն գործոն» թեմայով դասախոսության ժամանակ։

Վիկտոր Թուտելյանը հավելեց, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանը հարուստ է կանաչեղենով, սակայն այն քիչ է յուրացվում և չի կարող բավարարել օրգանիզմի պահանջը։

«Ցորենի ալյուրի հարստացումը լիովին անվտանգ է և օգտակար»,-շեշտեց մեր հայրենակից գիտնականը` նշելով, որ ողջ աշխարհն է գնում այդ ճանապարհով, իսկ Հայաստանը չգիտես ինչու ընդդիմանում է և կարող է տեղում մնալ` կորցնելով ազգի առողջությունը։

Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն, Վիկտոր Թուտելյանի «Օպտիմալ սնունդը առողջության և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարևորագույն գործոն» բավական ուսանելի և հետաքրքիր դասախոսության տեսանյութն առաջիկայում կհրապարակվի։




Լրահոս