Armenian text to speach

Վերահսկիչ պալատը կրկին խախտումներ է հայտնաբերել «Հայկական միրգը» ընկերությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեռեւս 2011 թվականին Հայաստանում թարմ մրգի եւ ընկուզենու արտահանման, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային եւ միջազգային շուկաներում ներկայացնելու նպատակով Կառավարությունը ստեղծեց «Հայկական միրգ» ԲԲԸ-ն: Այն, սակայն, կարճ ժամանակ անց հայտնվեց աղմկալի պատմությունների մեջ` վերահսկիչ պալատի կողմից ընկերությունում տեղ գտած չարաշահումներրի բացահայտման արդյունքում: Թվում էր, թե դրանից հետո ընկերությունում նոր խնդիրները պետք է բացառվեին, սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ՝ «Հայկական միրգը» կրկին հայտնվել է ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում. ստուգումների արդյունքում ընկերության գործունեության ու ծախսված գումարների վերաբերյալ նոր` բավականին լուրջ խախտումներ են բացահայտվել:

Հիշեցնենք, որ 2013 թվականին ՎՊ ստուգմամբ պարզվել էր, որ իտալական կազմակերպությունից ձեռք է բերվել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացու` 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին «Արագածոտնի ԳԱՄԿ» ՓԲԸ-ից 4.8 մլն դրամ արժեքով ձեռքբերված 10 հազար հատ ընկուզենու սերմերից ստացվելիք պատվաստակալներով: Սակայն Իտալիայից ձեռք բերված պատվաստացուներն ամբողջովին փչացել էին իտալացի փորձագետի մեղքով: Ու չնայած դրան` այդ պատվաստման նախապատրաստական աշխատանքների համար իտալացի փորձագետին վճարվել էր շուրջ 6.4 մլն դրամ:

«Հայկական միրգ» ԲԲ-ի կողմից իրականացվող «Աջակցություն պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը. գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի նպատակն է ՀՀ Տավուշի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզերում, աղքատ եւ փոքր սեփականատերերին հայկական մրգի եւ ընկուզեղենի արտադրության մեջ ներգրավելով, ավելացնել նրանց կարողություններն ու եկամուտները: Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին` 13.5 մլն դոլար բյուջեով: Ֆինանսավորումը ծրագրի մեկնարկից մինչեւ 2014 թվականի ավարտը կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար, որի զգալի մասն ուղղվել է «Հայկական միրգ» ԲԲԸ-ի գործառնական ծախսերին:
Ծրագրով ակնկալվում էր 400-500 մանրածավալ, աղքատ գյուղացիական տնտեսությունների հետ հիմնել շուրջ 700 հա ծիրանի, դեղձի եւ ընկուզենու այգիներ: Սակայն ՎՊ-ն նախորդ տարի ստուգումներ է իրականացրել այս ընկերությունում եւ արձանագրել, որ ամբողջովին չեն կատարվել գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վերահսկողության առաքելության հուշագրում նշված առաջարկություններն ու հանձնարարականները:

Բացի այս՝ չեն իրականացվել տնկարանի հյուսվածքային լաբորատորիայի վերանորոգման, ինչպես նաեւ ջրավազանի, մայր ջրատարի, կաթիլային ոռոգման համակարգերի, այգիների հակակարկտային համակարգերի եւ այլ էական նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման աշխատանքները: Իսկ, ահա, կաթիլային ոռոգման համակարգի ձեռքբերումը՝ 85.7 հեկտար այգիների փոխարեն, կատարվել է 4.5 հեկտարի համար: Նաեւ պլանով նախատեսվածից էականորեն պակաս են կատարվել պատվաստակալների եւ պատվաստացուների ձեռքբերման եւ պատվաստման աշխատանքները: Ավելին՝ տնկարանում եւ այգիներում ոռոգման ջրի առկայության պայմաններում արձանագրվել են տնկված տնկիների չորացման դեպքեր:
Ըստ ՎՊ-ի՝ աշխատանքներ ու գնումներ կատարելիս պլան-բյուջեով նշված ծավալներից եւ գնման պլանով հաստատված ժամկետներից թույլ են տրվել շեղումներ: Առանձին դեպքում աշխատանքները կատարելու համար պայմանագիր է կնքվել համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա չունեցող ընկերության հետ: Նաեւ իրականացվել են գնումներ՝ չունենալով գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի համաձայնությունը:

Ի դեպ, ընկերությունը ձեռք բերված տնկիներից 29 հազար 505 հատը 2015 թվականի գարնանը տնկելու համար պահեստավորել է: Սակայն ուշագրավն այն է, որ նշված քանակի տնկիների տնկման համար անհրաժեշտ է շուրջ 28 հա հողատարածք, այնինչ «Հայկական միրգ» ընկերությունն ունի ընդամենը 11.4 հա ազատ, վարձակալած հողամաս: Բացի այս՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տնկիների եւ պատվաստակալների աճեցման, ներմուծման եւ ձեռքբերման ժամանակ խախտվել են «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի, Կառավարության 1998 թվականի մարտի 11-ի որոշման եւ գյուղատնտեսության նախարարի 2006 թվականի փետրվարի 8-ի հրամանի պահանջները:

Այս բացահայտումների հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի հետ, ով արդարացավ՝ նշելով, որ ընկերության կատարած գորՎՊ-ի հայտնածն ավելի մեծ է, քան բերած թերությունները: «Դրանք մանր-մունր թերություններ են: Մենք այլ կերպ ենք մեր հաշվարկները կատարում, իրենք՝ այլ կերպ»,- ներկայացրեց ընկերության տնօրենը:
Այս ամենից հետո մեզ մնում է նշել, որ ՎՊ-ի կողմից արձանագրված թերություններն առ ոչինչ են, եթե այդ խախտումները կատարած ընկերությունները որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս