Հունիսի 30-ին հանրապետությունում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Armlur.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում` իրենց տան դիմացի առվի մոտ, խոհանոցային դանակով և ածելիով երակները կտրելու միջոցով իր կյանքին վերջ է տվել 32-ամյա Կարեն Վարդայանը:
Armlur.am-ի հետ զրույցում Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը հայտնեց, որ թե´ ինքնասպան եղած համագյուղացու հարազատները, թե´ մյուս զոլաքարցիները չեն կարողանում հասկանալ` ինչը կարող էր Կարենին ինքնասպանության դրդել. «Շատ լավ տղա էր, լավ, հարգված ընտանիքից: Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքների էր գնում»:
Մեր զրուցակցի խոսքով, միակ վարկածը, որ այս պահին հավանական են համարում, առողջական խնդիրներն էին: Ա. Ղազարյանը հայտնեց, որ Կարեն Վարդայանը երկար տարիներ ամուսնացած է եղել, սակայն երեխա ունենալ չէին կարողանում. «Այս տարի Ռուսաստան էր գնացել` բուժվելու, երևի չէր հաջողվել: Կարծում ենք, դա էլ եղել է պատճառը»:
Նշենք, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: