«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին տնօրեն, այժմ Գոշավանք եկեղեցու աշխարհիկ գործերի կառավարիչ Արծրուն Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ 2013թ-ին «Գոշավանք» թանգարանի շուրջ 300 ցուցանմուշները հանվեցին թանգարանի փայտաշեն տնակից եւ տեղափոխվեցին Դիլիջան քաղաք: Ա. Հովսեփյանի խոսքով` դրանք Դիլիջանում գտնվում են Գոշի նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանին պատկանող հյուրանոցի նկուղում, ընդ որում, արդեն լրացել է մշակույթի նախարարության կողմից այդ տարածքի վարձակալության ժամկետը: Գոշ գյուղի բնակիչների հետ զրույցից պարզեցինք, որ շատ զբոսաշրջիկներ, այցելելով Գոշավանք, ափսոսանք են հայտնում, որ թանգարանը չի գործում:
Նշենք, որ թանգարանի փայտաշեն տնակից ցուցանմուշները հանվեցին, որպեսզի տեղադրվեն նոր, քարե շենքում, սակայն անցած 2 տարում Գոշում թանգարանի շենքի խոստացված շինարարությունն այդպես էլ չի սկսվել: Թանգարանը 6 աշխատակից ուներ, այժմ մնացել են 2-ը:
Լավ չեն գործերը նաեւ «Գոշավանք» վանական համալիրի վերանորոգման հարցում: Վերջին նախագահական ընտրություններից առաջ՝ քարոզչական շրջայցի ընթացքում, Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին այցելել էր Գոշավանք եւ այնտեղ մոմ վառել: Հենց այդ ժամանակ էլ Արծրուն Հովսեփյանը Ս. Սարգսյանին ներկայացրել էր 12-13-րդ դարերի նշանավոր կառույցի նորոգման խնդիրը:
Արդյունքում 2013թ. հոկտեմբերի 24-ին սկսվեց Գոշավանք համալիրի մաս կազմող Սուրբ Աստվածածին եկեղեցու նորոգումը: Սակայն պետական բյուջեից նորոգման ֆինանսավորումը մաս-մաս է կատարվում, ինչը չի նպաստում վերանորոգման գործի հաջողությանը: Արծրուն Հովսեփյանն ասաց, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը նորոգման նպատակով քանդած է եւ պատված է ցելոֆանով, հոգեւոր կառույցների նորոգման մեջ մասնագիտացած կազմակերպության շինարարներն այժմ գմբեթը վերականգնում են: Նրա խոսքով՝ ներկայիս ֆինանսավորումը կբավարարի գմբեթի նորոգմանը, սակայն գմբեթի թեք պատերի եւ քանդվող գավիթի նորոգման համար գումարը չի հերիքի: Մինչդեռ վերանորոգման նպատակով գմբեթի թեք պատերը շինարարները քանդել են: Ա. Հովսեփյանն անթույլատրելի է համարում վթարային վիճակում գտնվող Գոշավանքը «կրիայի քայլերով», մաս-մաս նորոգելը:
Վերջում նշենք, որ Մխիթար Գոշի դամբարանի նորոգումը եւս երկու ամիս առաջ կանգ է առել, դամբարանի բաց տանիքից անձրեւաջրերը ներս են լցվում եւ «ջուրը նետում» կատարված աշխատանքները:
Ոսկան Սարգսյան
Տավուշ