ԿՐՏՍԵՐ ԽԱՉԻԿՅԱՆՆ ԷԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ՞ ԳՈՒՅՔՆ Է ՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԻՄ վերջին ընտրություններից հետո Ախթալայում կրքերը դեռ չեն հանդարտվել. քաղաքապետի ընտրություններում հաղթած Հայկազ Խաչիկյանը սկսել է նախկին մրցակցի կողմնակիցներին մեծումանր վատություններ անել, որի արդյունքում տուժում են մանկահասակ երեխաներն ու մանկավարժական կոլեկտիվը:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` խաթարված է Ախթալայի  թիվ 1 մանկապարտեզի բնականոն  աշխատանքը, կոլեկտիվը 4 տարի շարունակ հալածվում է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին նախագահ, այժմ կալանավորված Վազգեն Խաչիկյանի եղբոր` Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի կողմից: Վերջինս սպառնում է մանկապարտեզի 30 տարվա տնօրեն Սվետա Այբեկյանին աշխատանքից ազատել. արդեն 2 նկատողություն է տվել, իսկ մինչ այդ նրա հետ կնքել է ընդամենը 6 ամսվա աշխատանքային պայմանագիր` պարտադրելով, որ նա էլ 6-ամսյա պայմանագիր կնքի իր ենթակաների հետ: Բացի այդ, առանց մանկապարտեզի տնօրենի մասնակցության` քաղաքապետը եւ ավագանին որոշել են մանկապարտեզի հաստիքացուցակը եւ նախահաշիվը, որը չի համապատասխանում օրենքով ամրագրված օրինակելի հաստիքացուցակին: Ըստ քաղաքապետի հաստիքացուցակի` աշխատակազմը բաղկացած է հինգ հոգուց: Հաստատությունը չունի տնտեսվար, երաժիշտ, բուժքույր, գիշերային պահակ, 3-ժամյա դաստիարակ: 2013թ. հունվարի 1-ից կրճատվելու է նաեւ դռնապանի հաստիքը: Իսկ դռնապանը երկկողմանի ծնողազուրկ, 21 տարեկան մի աղջնակ է` հոգսաշատ ընտանիքի միակ կերակրողը, ում խնամքին է անբուժելի հիվանդ տատիկը, մինչ այդ էլ` երկու եղբայրները, որոնք այժմ ծառայում են հայոց բանակում: Ի դեպ, նախկինում մանկապարտեզի դռնապանը եղել է Հ. Խաչիկյանի կինը` Թինա Պետրոսյանը, ում հաստիքը չի կրճատվել նույնիսկ ծանր տարիներին:
Քաղաքապետը նաեւ վիճահարույց հիմնավորումներով նկատողություններ է տվել տնօրենին եւ դաստիարակին: Տնօրենին տրված առաջին նկատողությունը եղել է ս. թ. սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը. Խաչիկյանը երկու թաղամասերում պարտվել է, որոնցից մեկի ընտրատեղամասը եղել է թիվ 1 մանկապարտեզը: Հաջորդ օրը տնօրենը կարգադրել է կոլեկտիվին հակասանիտարական վիճակը վերացնելու, երեխաների սպասքը, սանհանգույցը ախտահանելու նպատակով 1 օրով հետաձգել աշխատանքը (քանի որ հարյուրավոր մարդիկ օգտվել էին երեխաների սպասքից եւ սանհանգույցից) եւ ժամը 12:00-18:00-ն` ջրամատակարարման գրաֆիկին համապատասխան, գալ մաքրություն կատարելու: Իսկ սեպտեմբերի 11-ին կոլեկտիվն արդեն անցել է աշխատանքային կանոնակարգված ռեժիմի: Եւ այդ մեկօրյա մաքրության համար քաղաքապետը նկատողություն է տվել տնօրենին:    
Երկրորդ նկատողությունը տրվել է հետեւյալ պատճառով. ըստ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի կանոնադրության` «Հաստատության  մանկավարժական եւ սպասարկող անձնակազմը համայնքային բյուջեի հաշվին պարբերաբար ենթարկվում է բժշկական քննության»: Տնօրենը եւ աշխատակիցները բուժզննության ֆինանսավորման խնդրով դիմել են քաղաքապետին ու մերժվել, որից հետո ստիպված սեպտեմբերի 18-ին բուժզննում են անցել եւ սանգրքույկ ստացել` վճարելով սեփական գրպանից: Չնայած դրան` նոյեմբերի 28-ին քաղաքապետը 2-րդ նկատողությունն է տվել տնօրենին` աշխատողների սանգրքույկ չունենալու պատճառով: Մի նկատողություն էլ դաստիարակին է տվել` ԿԳՆ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:
Դրանից հետո, երբ տնօրենը գտնվել է հիվանդանոցում, Հ. Խաչիկյանը 9 մլն դրամ նախահաշվով մասնակի վերանորոգել է մանկապարտեզի առաջին հարկը. դուռ-լուսամուտը մնացել են հինը, 2-րդ հարկից փայտյա սալիկները քանդվել տեղադրվել են առաջին  հարկում, հանվել են ապակիները` առաջին հարկի կոտրվածները լրացնելու համար: Սակայն կատարողականում նշվել է` պատուհանների պատուհանագոգերի վերանորոգում, ապակեպատում, փայտյա դռների վերանորոգում, պղնձե լարերի մոնտաժում, լուսատուների տեղադրում: Վերանորոգումից հետո, սակայն, մանկապարտեզի տանիքից սկսել են անձրեւաջրեր կաթել: Երկրորդ հարկում, որը մինչ վերանորոգումն օգտագործվել է որպես երեխաների ֆիզկուլտուրայի դահլիճ եւ ննջասենյակ, դռները հանվել են, պատերը` քանդվել, եւ երեխաները զրկվել են քնելու, սենյակում մարզվելու հնարավորությունից: Մի օր էլ Խաչիկյանը մտել է մանկապարտեզ, ցուցում տվել չջեռուցվող խմբասենյակից անջատել էլեկտրական սալիկը եւ տանել: Մինչդեռ երեխաների 3-ժամյա ճաշը եփվել է փոքր սալիկի վրա:
Մեզ հասած տեղեկություններով՝ այս  ամենի պատճառն այն է, որ մանկապարտեզի տնօրենը  նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանի քույրն է, սակայն մանկապարտեզի կոլեկտիվը ցանկանում է, որպեսզի այժմյան քաղաքապետը տնօրենի մեջ տեսնի ոչ թե իր հետ քաղաքական դաշտում պայքարող մրցակցի  քրոջը, այլ փորձառու անձի, որն իր աշխատանքի եւ երեխաների նվիրյալն է:
Երեկ հեռախոսազրույց ունեցանք նաեւ Հայկազ Խաչիկյանի հետ: Մեր հարցերին ի պատասխան` նա նշեց, որ ինքը չի սպառնացել տնօրենին աշխատանքից ազատել, բայց վերոնշյալ պատճառներով նկատողություն հայտարարել է. առաջին դեպքում` նրա համար, որ առավոտյան ժամը 9-ին գնացել տեսել են՝ կոլեկտիվն աշխատանքի չի ներկայացել, իսկ ընտրություններին նախորդած ուրբաթ օրն էլ զգուշացրած են եղել ծնողներին, որ երկուշաբթի երեխաներին չբերեն: Սանգրքույկների մասով էլ քաղաքապետն ասաց, որ գումար չի տրամադրել, քանի որ սանգրքույկների համար բուժզննումն անվճար է: Նաեւ հաստատեց, որ մանկապարտեզի վերանորոգման նախահաշիվը մոտ 9 մլն է եղել (8 մլն 900.000), որից մասնակի վերանորոգման համար ծախսվել է մոտ 5 մլն-ն, իսկ երեխաների ննջասենյակների հարցը կլուծեն հաջորդ տարի:  

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս