ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՆԴԵՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով Հայաստանի՝ կիսապատերազմական դրության մեջ գտնվելու հանգամանքը՝ պաշտպանության բնագավառի հանդեպ կառավարության հոգածությունը պետք է լինի առավելագույնն իր տեսակի մեջ: Սակայն պետական բյուջեի ծախսային մասի հաշվետվության ուսումնասիրությունը թողնում է միանգամայն այլ տպավորություն՝ առաջին հերթին հաշվի առնելով պաշտպանական ոլորտի ծախսերի չպատճառաբանված կրճատումը: Ի դեպ, զարմացնող են նաեւ կառավարության կողմից այս ասպարեզում կատարվող անհարկի ծախսերի առատությունն ու  զինծառայողների եւ նրանց ընտանիքների հանդեպ պետության անտարբեր վերաբերմունքը:
ՀՀ 2011թ. պետբյուջեի կատարողականի ծախսային հատվածում հստակեցված է, որ պաշտպանության բնագավառին հատկացվել է 145,5 մլրդ դրամ՝ 99,4%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Միաժամանակ նշվում է, որ նախորդ տարվա համեմատ այս ոլորտում կատարված ծախսերը նվազել են 1.4%-ով` մոտ 2,9 մլրդ դրամով: Սա, ըստ բյուջեի ծախսային մասի հաշվետվության, պայմանավորված է առաջնահերթորեն ռազմական կարիքների բավարարման ծախսերի կրճատմամբ: Նկատենք, որ առնվազն տարօրինակ է, երբ կիսապատերազմական դրության մեջ գտնվող երկիրը կրճատում է պաշտպանության բնագավառի ֆինանսավորումը առանց որեւէ լուրջ պատճառաբանության: Այս համատեքստում իրավիճակն ավելի տարակուսելի է դառնում, երբ տեսնում ենք, որ ոստիկանությանն ու անվտանգության բնագավառին հատկացված միջոցներն ավելացել են՝ համապատասխանաբար 1,1 մլրդ եւ 766,1 մլն դրամի չափով:
Բյուջեի հաշվետվության համաձայն՝ ռազմական պաշտպանության դասին հատկացված միջոցները կազմել են 139,8 մլրդ դրամ, որից 139,6 մլրդ-ն ուղղվել է ռազմական կարիքների բավարարմանը: Ռազմական պաշտպանությանն ուղղված գումարներից ՀՀ ռազմական կցորդների պահպանմանը հատկացվել է 205 մլն դրամ, որը ծրագրվածի միայն 94,9%-ն է: Պետբյուջեի միջոցներով հոգացել են նաեւ «արտաքին ռազմական օգնության» խնդիրները, որոնց շարքում հիշատակելի է ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչության պահպանման հարցը: Վերջինի համար ծախսվել է 47.6 մլն դրամ: Պարզվում է նաեւ, որ Երեւանում ՆԱՏՕ-ի հասարակական-տեղեկատվական կենտրոնի շենքի վարձակալության նպատակով պետբյուջեից հատկացվել է 9.6 մլն դրամ, իսկ ՆԱՏՕ-ի վերափոխման հրամանատարությունում ՀՀ փոխգործակցության ներկայացուցչի պահպանման հատկացումները կազմել են 39.9 մլն դրամ: Փաստորեն, ՀՀ կառավարությունը, բացի ռուսական ռազմաբազաների ծախսերը փակելուց, հոգում է նաեւ Հայաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի գործունեության ծախսերը: Սա էլ այն դեպքում, երբ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, մինչ օրս ունեցած զարգացումներով հանդերձ, տակավին մակերեսային են: Այսուհանդերձ, որքանո՞վ է արդարացված ՀՀ քաղաքացիների հարկերով գոյացած պետբյուջեի միջոցներով Երեւանում ՆԱՏՕ-ի համար տեղեկատվական գրասենյակ վարձակալելը: Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը փող է մուրում միջազգային ֆինանսական կենտրոններից, պարտքով միլիոններ բերում Հայաստան, եւ այդ նույն գումարների զգալի մասը ծախսում օտարերկրացիների համար:
Այս համատեքստում էլ հիշարժան է 2011թ. սոցիալական պաշտպանության ոլորտի սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների ծախսերի պատկերը: Վերոնշյալ ծախսերը կազմել են 17.6 մլրդ դրամ: Ամենահետաքրքիրն այն է, որ նշված ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 12.4%-ով (2,5 մլրդ դրամ), ինչը «պայմանավորված է օրենսդրական փոփոխությունների արդյունքում կենսաթոշակների իրականացված վերահաշվարկի հանգամանքով»: Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման ծախսերը եւս փոփոխությունների են ենթարկվել: Դրանք նախորդ տարվա համեմատ նվազել են արդեն 29.9%-ով (658,7 մլն դրամ)՝ ընդհանուր առմամբ կազմելով 1,5 մլրդ դրամ: Այսպիսով` կենսական եւ մարդկանց բարեկեցությունն ապահովող ծրագրերի վերացումը, ցավոք, սովորական երեւույթ է դառնում:
Ամենաանհեթեթ ասպարեզներում հսկայական գումարներ վատնելով` կառավարությունը նախընտրում է սպաներին, շարքային զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրվող առանց այն էլ չնչին նպաստները կրճատել: Ըստ էության, կարելի է փաստել, որ իշխանությունները ՀՀ պաշտպանության կազմակերպումը ստորադասում են մյուս ոլորտներին: Այլապես ինչպե՞ս հասկանալ, երբ, օրինակ, ի հեճուկս պաշտպանության ոլորտի՝ ոստիկանության ֆինանսավորումն ավելացել է: Հավանաբար ոստիկանության գործառույթներն ավելի կարեւոր են եւ անհրաժեշտ՝ իշխանությունը պահպանելու գործում, քան բանակ պահելն ու զինծառայողների համար քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովելը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս