24 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրացավ 1988թ. աղետալի երկրաշարժի 24-րդ տարելիցը: Այն գրեթե հողին հավասարեցրեց Հայաստանի հյուսիսը՝ Շիրակի մարզի տարեգրությունը բաժանելով երկու փուլի` երկրաշարժից առաջ եւ հետո: Երկրաշարժի հետեւանքով գրեթե ամբողջությամբ ավերվեցին երկու քաղաքներ` Լենինականը (ներկայիս Գյումրին) եւ Սպիտակը, մասնակի ավերվեցին նաեւ Կիրովականը (այժմ Վանաձոր), 21 քաղաք եւ ավան, 324 գյուղ: Աղետալի երկրաշարժին զոհ գնաց 25 000 մարդ, որից 17 000-ը` Գյումրուց, անօթեւան դարձավ 530 000 բնակիչ:
Արդեն որերորդ տարին քաղաքի հենց սրտում՝ Ամենափրկիչ եկեղեցու բակում, անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվում: Այդ օրը բոլորի ուշադրությունը սեւեռվում է հարցին, թե ինչ է արվել անցած տարիների ընթացքում երկրաշարժի ավերածությունները վերացնելու ուղղությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո «Աղետի գոտի» հռչակված Հայաստանի հյուսիսը տարիներ անց կոչվեց «Զարգացման գոտի», իսկ ավելի ուշ՝ «Վերականգնման գոտի»: Սակայն վերականգնման դանդաղ ընթացքի պատճառով  բնակիչների` բարեկեցիկ կյանքով ապրելու հույսերը 24 տարի անց անգամ չեն արդարանում, ավելին, տարեցտարի մարզում նկատվում է աղքատության ցուցանիշի ավելացում:
Հենց այս օրն է, որ հնարավոր չէ բազում խնդիրների մեջ չառանձնացնել անօթեւանության խնդիրը: 2008թ. իրականացվեց հաշվառում, որի ժամանակ պարզ դարձավ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած 4270 ընտանիք ենթակա է բնակարանի փոխհատուցման: Այդ հաշվառման վերջնաժամկետ նշանակվեց նոյեմբերի 30-ը, ու մոտ 270 ընտանիք, չկարողանալով ժամանակի մեջ տեղավորվել, փաստաթղթերը համալրել ու ներկայացնել քաղաքապետարան, դուրս մնաց հաշվառումից: Այնուհետեւ ուսումնասիրությունների արդյունքում 4270 ընտանիքներից մոտ 410-ի գործերը տարբեր պատճառներով  մերժվեցին:  2010թ.  ՀՀ կառավարության եւ «Գլենդել հիլզ» կազմակերպության միջեւ կնքված պայմանագրով բնակարանամուտ տոնեց 1056 ընտանիք, իսկ 2012թ.՝ 1756:  Անօթեւանների հերթացուցակում չհաշվառված, բայց փաստացի տնակներում բնակվող անօթեւանների պակաս Գյումրիում չի զգացվում: Շուրջ 3500 ընտանիքներ դեռ երկար տարիներ շարունակելու են գոյության իրենց կռիվը շարքից դուրս եկած տնակներում, քանի որ կառավարությունը նրանց համար դեռ որեւէ ծրագիր չունի:
Սարսափելի է նաեւ Գյումրու կենտրոնը «զարդարող» հանրակացարանների պատկերը: Մասնավորապես ոստիկանության Գյումրու բաժնի հարեւանությամբ գտնվող նախկին «Տեքստիլ» գործարանի բանվորների համար նախատեսված հանրակացարանի կողքով անցնելիս թվում է՝ ուր որ է այն կփլվի: Կիսաքանդ այս շենքում 24 տարի շարունակ ապրում է մոտ 25 ընտանիք: Ամեն վայրկյան փլուզման վտանգի առաջ կանգնած այս շենքի բնակիչները շենքից ներս ոտք դնել անգամ խորհուրդ չեն տալիս, էլ չասած` համատարած գարշահոտության եւ հակահիգիենիկ վիճակի մասին: Հանրակացարանում բնակվողներից ոմանք անօթեւանների հերթացուցակում գրանցված են ու երբեւէ բնակարանամուտ տոնելու հույս ունեն, բայց նրանց մի մասի ճակատագիրը մնում է անհայտ, քանի որ այդ շենքերի վերակառուցման համար եւս կառավարությունը դեռ ծրագիր չունի: Նշենք, որ նման շենքերի թիվը Գյումրիում հասնում է 88-ի, իսկ մարզում՝ 120-ի: Եւ դա` երկրաշարժից 24 տարի անց:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս