ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ Երեւանի «Զատիկ» մանկատունը վերակազմակերպվել է խնամքի կենտրոնի: Ինչո՞վ է այն տարբերվելու իր իրավանախորդից, եւ ի՞նչ սկզբունքով են այնտեղ երեխաներ ընդգրկվելու:

Լուսինե Զարուբյան (35 տարեկան, մանկավարժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Զատիկ» մանկատունը մինչեւ 2013թ. կվերանվանվի երեխաների աջակցության կենտրոնի: Այն բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ժամանակավոր խնամքը, այդ երեխաների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանքները մինչեւ երեխային ծնողին վերադարձնելը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մանկատանը տեղավորելը: Երեխաների աջակցության կենտրոնում կարող են տեղավորվել ընտանիքում կոնֆլիկտներ ունեցող, դաժան վերաբերմունքի, բռնության ենթարկված, հաշմանդամ, հակասոցիալական վարք դրսեւորած, այդ թվում՝ մուրացիկ, թափառաշրջիկ, սոցիալապես անապահով, անօթեւան ընտանիքների, առանց ծնողական խնամքի մնացած, դժբախտ պատահարի ենթարկված կամ արտակարգ իրավիճակում հայտնված, սոցիալապես մեկուսացված երեխաները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության ընտանիքի, կանանց եւ
երեխաների հիմնահարցերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխաների համար սոցիալական պաշտպանության հաստատության ստեղծումը, հուսով ենք, շատ ու շատ երեխաների կօգնի դժվար ու անելանելի թվացող իրավիճակում գտնելու աջակցություն, դուռ, որը կբացվի նրանց առջեւ առանց հապաղելու: Բայց մի մտավախություն չենք կարող չարտահայտել. արդյոք սեփական երեխաներին այդ հաստատություն բերելու ու ժամանակավորապես պետության խնամքին հանձնելու հեշտությունը  բնավորություն չի դառնա անբարեհաջող ընտանիքների, ծնողների համար, որոնք չեն վախենա երեխային կորցնելու վտանգից:




Լրահոս